Google-ը նոր ճարտարապետ է վարձել Լոնդոնի իր 1,56 մլրդ դոլար արժողությամբ գրասենյակը նախագծելու համար
Ամերիկյան Google ընկերությունը վարձել է բրիտանացի հայտնի դիզայներ Թոմաս Հեթերվիքին, որպեսզի նա աշխատի Լոնդոնում ընկերության 1,56 միլիարդ դոլար արժողությամբ գրասենյակի նախագծման ուղղությամբ, հաղորդում է Business Insider-ը՝ վկայակոչելով Հեթերվիքին մոտ կանգնած աղբյուրին:
Հեթերվիքն արդեն նախագծում է ինտերնետային հսկայի՝ Կալիֆոռնիայում գտնվող նոր գրասենյակը, և լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ Google-ն այժմ խնդրել է նրան զբաղվել նաև լոնդոնյան գրասենյակով՝ AHMM ճարտարապետական գործակալության առաջարկները մերժելուց հետո:
Daily Mail-ի տեղեկություններով՝ Google-ի տնօրեն Լարի Փեյջը AHMM-ի առաջարկած գրասենյակի ներսում մագլցման պատ և առաստաղին վազքուղի ներառող նախագիծը «ձանձրալի» է համարել:
Դեռևս փետրվարին հաղորդվել է, որ AHMM-ի անձնակազմի մի քանի հիասթափված անդամներ, ովքեր աշխատում էին նախագծի վրա, հեռացել են ընկերությունից: Դեռևս պարզ չէ, թե արդյոք AHMM-ը հրաժարվում է նախագծից, թե աշխատելու է Heathwick Studios-ի հետ:










