Բելգիական հանձնաժողովը հայց է ներկայացրել Facebook-ի դեմ. ԶԼՄ-ներ
Մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության բելգիական հանձնաժողովը դատական հայց է ներկայացրել Facebook սոցիալական ցանցի դեմ՝ ընկերության կողմից մասնավոր կյանքի պաշտպանության բելգիական և եվրոպական օրենսդրությունը խախտելու փաստի առիթով, հաղորդում է ria.ru-ն:
Ֆլամանդական De Morgen էլեկտրոնային թերթի տվյալներով՝ Բրյուսելի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը հայցը կքննի հինգշաբթի օրը:
Ինչպես փորձագետների կողմից անցկացված հատուկ հետաքննության արդյունքներով հաստատել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության բելգիական հանձնաժողովը, աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցում օգտատերերի համար նոր պայմանները «մասնավոր կյանքի պաշտպանության ոլորտում բելգիական և եվրոպական օրենսդրության մի շարք խախտումներ են պարունակում»:
Հանձնաժողովի նախագահ Վիլեմ Դեբեկելարեի խոսքով՝ մասնավորապես հարցեր է առաջացնում այն, որ Facebook-ը «հետևում և մշակում է իր օգտատերերի, ինչպես նաև օգտատեր չհանդիսացող մարդկանց տվյալները»:
«Հետևում են նաև այն մարդկանց, որոնք հստակ հայտարարում են դրանից հրաժարվելու մասին: Facebook-ը գիտի, թե մարդիկ ինչ կայքեր են դիտում՝ չզգուշացնելով նրանց նախապես այդ մասին, և այդկերպ խախտում է մասնավոր կյանքի պաշտպանության օրենքները»,- ասել է նա:










