Ամստերդամում 3D տպիչով ստեղծված նոր կամուրջ կհայտնվի
3D տպիչներն արդեն վաղուց կիրառվում են ճարտարապետության մեջ` ինչպես նախագծման, այնպես էլ՝ շենքերի կառուցման գործընթացում, սակայն հոլանդացի ճարտարապետները մտադիր են ավելի հեռուն գնալ և «տպել» Ամստերդամում ջրանցքի վրայով անցնող կամուրջը:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը` 3D տպագրության նախագիծը կազմակերպում են միաժամանակ երեք խոշորագույն ընկերություն` JorisLaarman հեռանկարային տեխնոլոգիաների լաբորատորիան, ծրագրավորմամբ զբաղվող Heijmans և 3D տպիչներ պատրաստող MX3D ընկերությունները:
Պողպատյա հետիոտն կամուրջը, որը պետք է անցնի Նիդերլանդների մայրաքաղաքի ջրանցնքերից մեկի վրայով, կպատրաստվի MX3D Metal հատուկ ռոբոտացված ձեռքի օգնությամբ: Գործնականում այս տեսակի ռոբոտը ղեկավարում է եռակցման գործընթացն ու մետաղի շարունակական մատակարարումը համատեղող սարքավորումը:
Այսպիսով կամուրջը կկանգնեցվի հալեցրած մետաղի փոքր կաթիլներով` շարունակական զոդման միջոցով: Նման եղանակով ստացվող կառույցն ավելի ամուր է, քան թիթեղյա մետաղներով:










