Jaguar Land Rover-ը ներկայացրել է Range Rover Sport հեռակառավարվող մեքենան (տեսանյութ)
Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է Range Rover Sport ավտոմեքենայի նախատիպը, որն աշխատում է բջջային հեռակառավարման նոր տեխնոլոգիայով, գրում է Birmingham Post հրատարակությունը։
Վարորդի սմարթֆոնում տեղադրված հատուկ հավելվածի օգնությամբ հնարավոր է առաջ կամ հետ ընթանալ, արգելակել և շարժել ղեկը։
Հավելվածը նմանվում է խաղի, սակայն դրանով կարելի է հեռակառավարել մեքենան ամենաբարդ իրավիճակներում, վստահ են ընկերությունում։
Ավտոարտադրող ընկերությունն ակնկալում է, որ հեռակառավարման մեթոդը կօգնի, առաջին հերթին, դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելիս և մեքենան կայանելիս, քանի որ մեքենայից դուրս գտնվելով՝ ավելի հեշտ է տեսնել փոսերն ու մեքենայի շուրջ գտնվող խոչընդոտները։
Հավելվածն աշխատում է առավելագույնը 10 մետր հեռավորության վրա, իսկ երբ վարորդը հեռանում է ավելի քան 10 մետրից՝ մեքենան անմիջապես ինքնուրույն արգելակում է։










