Հասանելի է Skype-ի վեբ-տարբերակը

23:24 • 16.06.15

Microsoft-ը թողարկել է Skype-ի վեբ-տարբերակը, որը ծրագրի ներբեռնում չի պահանջում: Նոր արտադրանքը դեռևս հասանելի է միայն բետա տարբերակով: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում:

 

Ինչպես նշվում է՝ այդ տարբերակից կարելի է օգտվել web.skype.com կայքում, որում անհրաժեշտ կլինի գրանցվել: Ծրագրի հասանելի լեզուների թվում հայերենը չկա, սակայն կա ռուսերեն տարբերակը: Ծրագիր մուտք գործելիս կապ է ստեղծվում ընկերության սերվերի հետ, և էկրանին հայտնվում են օգտատիրոջ  կոնտակտները և վերջին զանգերը:


Ընկերությունում ընդգծում են, որ այս ծրագիրը կարող է անհրաժեշտ լինել հանրային վայրերում կամ հյուրանոցներում, որտեղ համակարգիչներում Skype ծրագիրը ներբեռնված չի լինի:


Նոր Skype-ը հնարավոր կլինի բացել բոլոր հայտնի բրաուզերներով`  Internet Explorer, Chrome, Safari և Firefox, սակայն Chromebook-ում և Linux-ում հասանելի է միայն հաղորդագրություններ ուղարկելու տարբերակը:


Skype-ի վեբ-տարբերակի մասին հայտարարվել էր դեռևս անցյալ տարվա նոյեմբերին: Microsoft-ը Skype ընկերությունը ձեռք է բերել 2011-ին: Այժմ ծառայությունը մոտ 300 մլն օգտատեր ունի:

 

Հասանելի է Skype-ի վեբ-տարբերակը