Տղամարդկանց մոտ հանդիպող քաղցկեղի 5 տեսակ և դրանց ախտանշանները

19:44 • 19.06.15

Հայտնի փաստ է, որ տղամարդիկ շատ ուշ-ուշ են այցելում բժշկի, և նրանց համար հատկապես կարևոր է  սովորել ճանաչել հավանական ախտանշանները, ինչը կօգնի հեռու մնալ քաղցկեղի որոշ տեսակներից, որով առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ: Այս մասին գրում է beextrahealthynow.com-ը` ներկայացնելով քաղցկեղի 5  տեսակ ու դրանց աշխտանշանները:


1. Շագանակագեղձի քաղցկեղ


Այս հիվանդության դեպքում վաղ շրջանում որևէ հստակ ախտանշան չի նկատվում: Հետանցքից կատարվող հետազոտությունը միայն կարող է որոշ խախտումներ ցույց տալ: Քաղցկեղի այս տեսակը պատահում է 50-ից բարձր տարիքի տղամարդկանց 5-7 տոկոսի մոտ: Այդ տարիքի տղամարդիկ հատկապես պետք է ուշադրություն դարձնեն հետևյալ ախտանշաններին.

միզելու անկարողություն կամ դժվարություն,


հաճախամիզություն, հատկապես՝ գիշերը,


ցավ և այրոց միզելու ժամանակ,


արյունոտ մեզ:

 

2. Թոքերի քաղցկեղ


Այս տեսակը ևս հիվանդության վաղ շրջանում նախանշաններ ցույց չի տալիս: Սակայն մշտական հազը, հատկապես` արյունոտ հազը հաճախ առաջին ախտանշաններն են դառնում: Բացի այդ, հիվանդի մոտ քաշի կորուստ է նկատվում, մշտական ջերմություն և ասթմայի նշաններ: Հաճախ կրծքավանդակի բորբոքում է սկսվում, որը ցույց է տալիս բիոպսիան:


3.  Հաստաղու քաղցկեղ


Երբեք պետք չէ անտեսել կղանքում նկատվող արյունը, եթե անգամ դա ընդամենը մեկ անգամ է պատահում: Հնարավոր է` դա նախաքաղցկեղածին արյունահոսող պոլիպ լինի, որը միակ նշանն է, որը կարող եք նկատել հիվանդության վաղ շրջանում:  Մինչև 50 տարեկան տղամարդկանց մոտ արյունը կարող է նաև թութքով պայմանավորված լինել: Կոլոնոսկոպիան միակ վստահելի միջոցն է` պարզելու պոլիպի առաջացման պատճառը:


4.  Միզապարկի քաղցկեղ


Մեզի մեջ արյան առկայությունը բժշկի այցելելու առիթ է: 60-ից ցածր տարիքի տղամարդկանց մոտ դա կարող է երիկամի քարի նշան լինել: Եթե միզապարկի քաղցկեղը ժամանակին ախտորոշվի, այն հեշտությամբ բուժվում է: Ցավոտ միզելը և չափազանց ակտիվ միզապարկը անհանգստանալու նշաններ են: Հատկապես, եթե աշխատանքի բերումով շատ եք շփվում թունավոր նյութերի, ներկերի, տպագրատան աշխատանքի, մետաղագործության հետ, այդ նշանները պետք  չէ անտեսել:


5. Լիմֆոմա


Պարանոցի վրա, թեևատակերում կամ աճուկային հատվածում  ցավոտ, ուռած ավշային հանգույցների առկայությունը հիվանդության հիմնական ախտանշանն է: Ավշային հանգույցներն այտուցվում են  բորբոքման հետևանքով, սակայն եթե դրանք մեկ շաբաթից չեն անցնում, անհրաժեշտ է բժշկի դիմել: Մեկ կամ երկու ամսում քաշի անբացատրելի կորուստը ևս նախանշաններից է:

 

 

Տղամարդկանց մոտ հանդիպող քաղցկեղի 5 տեսակ և դրանց ախտանշանները