ՄԻԵԴ-ն ընդդեմ Ադրբեջանի վճիռ է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին «Մեհթիևն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռ է կայացրել:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az-ը, դատարանը վճռել է, որ Խաքիմելդոսթու Մեհթիևի իրավունքները խախտվել են Նախիջևանի ազգային անվտանգության նախարարության կողմից իր լրագրողական գործունեության հետևանքով ազատազրկվելու ու վատ վերաբերմունքի համար:
Մեհթիևին հետապնդելու պատճառը եղել են նրա հրապարակումները 2007 թվականին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչից հետո նրան կանչել են Ազգային անվտանգության նախարարության տեղական բաժանմունք և ծեծել մահակներով՝ պահանջելով դադարեցնել լրագրողական գործունեությունը։
Ավելի ուշ նրան դատարանի միջոցով կալանավորել են 15 օրով՝ ոստիկաններին դիմադրելու համար: Կալանավայրում նրան թողել են առանց սննդի ու ջրի, և չորս օր անց, առանց բացատրություն տալու, ազատ են արձակել։
Իշխանություններն այդպես էլ չէին խոստովանել նրա ձերբակալությունը:
Եվրադատարանը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը Մեհթիևին պետք է10 հազար եվրո վճարի որպես փոխհատուցում, և 4000 դոլար՝ դատական ծախսերի համար։










