Զ. Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել մահացած զինծառայողների քրգործերը մանրակրկիտ ուսումնասիրող Աժ հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել ԱԺ օրենքի նախագիծ` մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Նախագիծը տեղադրված է ԱԺ կայքում`«Օրակարգում դեռևս չներառվածների բաժնում»:
Հանձնաժողովի խնդիրներն են՝
ա) մահացած զինծառայողների քրեական գործերի ուսումնասիրությունը,
բ) մահացած զինծառայողների հարազատների մատնանշած հանգամանքներն ուսումնասիրելը:
Ըստ նախագծի` հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական և տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից 10-օրյա ժամկետում պահանջել և ստանալ հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր:
Իր որոշմամբ հրավիրել գործի հետ առնչություն ունեցող անձանց՝ քաղաքացիների, վկաների, տուժողների և այլոց, լսել նրանց բացատրությունները, ծանոթանալ մահացած զինծառայողների քրեական գործերի նյութերին և մահացած զինծառայողների հարազատների մատնանշած հանգամանքներին, ներգրավել համապատասխան մասնագետների և փորձագետների:
Հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի որոշմամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց և ունենալ հանդիպում-ընդունելություն:
Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:
Որպես հիմնավորում՝ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած և մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բազմաթիվ քրեական գործերով անհրաժեշտ և բավարար քննություն չի իրականացվում, և օրենքների կոպիտ խախտման հետևանքով տարիներ շարունակ տուժողների հարազատները բողոքներ են ներկայցնում և պահանջում իրականացնել արդար դատաքննություն:
Մահացած զինծառայողների հարազատների կողմից ներկայացված բողոքները փաստում են, որ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել՝ քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:










