Եթե Հայաստանում հելիոֆիկացիայի ծրագիրն իրականացավեր, հոսանքը կվաճառվեր 0,3 դրամով. Վահան Համազասպյան
Եթե Հայաստանում իրականացվեր հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա այսօր հոսանքի թանկացման խնդիր չէինք ունենա, հոսանքը կվաճառվեր 0,3 դրամով՝ 50 դրամի փոխարեն, առաջին հերթին դիֆերսիֆիկացիա կլիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը՝ նշելով, որ իր համոզմամբ՝ հոսանքի թանկացման պարագայում ճիշտ լուծումը հելիոֆիկացիայի զարգացումն է և լավագույն տարբերակը ջերմային էներգիայի օգտագործումն է:
«Հելիոֆիկացիայի ծրագիրը չի իրականացվում հիմնականում իշխող ուժերի մերժումների պատճառներով: Երբ լսում եմ պատգամավորների հիմնավորումները հոսանքի թանկացման վերաբերյալ, մի միտք է ծագում, թե ինչպես ազատվել նման պատգամավորներից»,- ասաց Վահան Համազասպյանը՝ նշելով, որ գտել են ճանապարհը, որը թույլ է տալիս ավելի հաջողակ լինել այս հարցում, բայց իշխանությունները համառորեն մերժում են:
Ծրագրի հեղինակը հավաստում է, որ տեխնիկական խնդիրներ չկան, Հայաստանի գիտական ուժերը դեռևս բավարար են, որ մեր հարցերն ինքներս լուծենք:
«Այստեղ մեծ հեռանկար կա, եթե Հայաստանն իրականացնի հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա կարող է այս ուղղությամբ լիդեր դառնա: Բավական է, որ խոպանչիությամբ զբաղվենք, ասֆալտ փռենք»,- ասաց Վահան Համազասպյանը՝ հավելելով, թե ներդրումների խնդիր չկա, ուղղակի պետք է, որ կառավարությունն ու իշխանությունները գործընթացին չխանգարեն:
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակն ասաց, թե փորձելու է իր ծրագիրն իրականացնել սփյուռքում, քանի որ այնտեղ հետաքրքրությունը շատ մեծ է, հասկանում են խնդիրը:










