Ռուսական ընկերությունները դուրս են մնացել Financial Times-ի` խոշորագույն ընկերությունների ամենամյա աղյուսակից

19:35 • 22.06.15

Ռուսական ընկերությունները դուրս են մնացել The Financial Times բրիտանական գործարար պարբերականի վարկանշային աղյուսակի առաջին հարյուրակից` ըստ շուկայական կապիտալիզացիայի` վերադառնալով 10 տարվա նախկին ցուցանիշին:


Ինչպես գրում է  Корреспондент-ը` FT-ի տվյալներին հղումով, երկու տարի առաջ ոչ մի ռուսական ընկերություն չէր մնացել առաջատար 50-ի կազմում,իսկ 2014-ին ՌԴ-ն ներկայացնող 7 ընկերություն ընդհանուր կապիտալիզացիայով հայտնվել էին վերջին տեղում` ԲՐԻՔՍ երկրների շարքում: Ընթացիկ տարում ռուսները չեն ընդգրկվել  առաջին հարյուր ընկերության կազմում:


Հաղորդվում է, որ «Գազպրոմը» գլոբալ ցուցակում 83-րդ տեղից իջել է 170-րդ տեղ` 56,57 մլրդ դոլար կապիտալիզացիայով, իսկ Խնայբանկը, որը նախորդ տարի 177-րդ տեղն էր զբաղեցնում, այս տարի ընդհանրապես դուրս է մնացել ցուցակից:


Վարկանշային աղյուսակի տվյալներն ամեն տարի հաշվարկվում են մարտի 31-ին, կապիտալիզացիան` դոլարով (ըստ այդ օրվա կուրսի), հաշվի են առնվում առնվազն 15 տոկոս ազատ շրջանառություն ունեցող ընկերությունները:



Ինչպես նշվում է` ռուսների  դիրքերի վրա ազդել են արժեզրկումը, պատժամիջոցների և ճգնաժամի պատճառով շուկայական գների անկումը և նավթի գների անկումը:



 

 

 

 

Ռուսական ընկերությունները դուրս են մնացել Financial Times-ի` խոշորագույն ընկերությունների ամենամյա աղյուսակից