Թեյլոր Սվիֆթի հայտարարությունից հետո Apple-ը որոշել է փոխել իր քաղաքականությունը
Ամերիկյան Apple ընկերությունը որոշել է փոխել իր քաղաքականությունն աշխարհահռչակ երգչուհի Թեյլոր Սվիֆթի քննադատական հայտարարությունից գրեթե մեկ օր անց:
Թեյլոր Սվիֆթը երեկ Tumblr-ի իր բլոգում Apple-ի որոշումը՝ երաժիշտներին ոչինչ չվճարել Apple Music ծառայության անվճար եռամսյա օգտագործման ընթացքում, անվանել է «ցնցող և հիասթափեցնող», գրում է Business Insider-ը։
Apple-ի ավագ փոխնախագահ Էդի Քյուն հայտարարել է Twitter-ում, որ ընկերությունը փոխել է իր որոշումը և կվճարի երգիչներին՝ հաճախորդներին տրամադրվող անվճար փորձնական ծառայության ընթացքում:
Բազմաթիվ «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը քննադատել է Apple Music նոր ծառայությանը: Իր բլոգում Սվիֆթը բացատրել է, թե ինչու նոր ծառայությունում չի լինի իր վերջին «1989» ալբոմը: Սվիֆթի խոսքով՝ չնայած նրան, որ նա հարգում է Apple-ին և գնահատում է, որ ընկերությունը միշտ օգնում է իրեն կապ պահպանել երկրպագուների հետ, նոր ծառայության հետ կապված նա մի քանի խնդիրներ ունի:
«Դուք գիտեք, որ Apple Music-ն առաջարկում է ծառայության անվճար օգտագործում երեք ամսվա ընթացքում նրանց համար, ովքեր կբաժանորդագրվեն դրա ծառայություններին: Բայց ես համոզված եմ, որ դուք չգիտեք, որ Apple-ը չի վճարելու երգերի հեղինակներին, պրոդյուսերներին և կատարողներին: Դա զարմացնում և հիասթափեցնում է ինձ»,- նշել է Սվիֆթը:










