Թուրքիայում արգելել են ավագ դպրոցների աշակերտներին օգտվել Facebook-ից դպրոցում գտնվելու ժամանակ

10:29 • 02.07.15

Թուրքիայի կրթության նախարարությունն արգելել է երկրով մեկ գործող բոլոր ավագ դպրոցների աշակերտներին կրթական հաստատությունում գտնվելու ժամանակ առանց ուսուցչի իմացության օգտվել Facebook սոցկայքից, գրում է Hurriyet Daily News-ը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր փոփոխությունների արդյունքում աշակերտներին այսուհետ չի թույլատրվում դպրոցի շենքում գտնվելու ժամանակ առանց ուսուցչի համաձայնության գրառումներ անել, նկարներով ու տեսանյութերով կիսվել:

 

Նշվում է, որ արգելքը ոտնահարող աշակերտները կուղարկվեն դպրոցում կարգապահական հարցերով զբաղվող հատուկ խորհրդի անդամների մոտ: Բացի այդ, նախարարության որոշմամբ, ավագ դպրոցների այն աշակերտները, ովքեր կփորձեն ծաղրել, վիրավորել կամ ստորացնել հաստատության աշխատողներին և համապատասխան տեսանյութը կամ լուսանկարը կներբեռնեն սոցկայքում, ժամանակավորապես կհեռացվեն դպրոցից։

 

Թուրքիայում արգելել են ավագ դպրոցների աշակերտներին օգտվել Facebook-ից դպրոցում գտնվելու ժամանակ