Գիտնականները բացատրել են` ինչու են մարդիկ ուրվականների տեսնում
Ամերիկացի գիտնականները Քլարքսոնի համալսարանից փորձել են բացատրել, թե ինչու են մարդիկ ուրվականների տեսնում:
«Ռոսսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ` մարդիկ ուրվականների են տեսնում փակ տարածքներում օդի վատ որակի պատճառով:
Հետազոտության շրջանակներում գիտնականները այցելել են այն վայրեր, որոնցում մարդկանց պնդմամբ իրենք ուրվականների են տեսել: Ընդհանուր առմամբ` գիտնականները փորձել են այս հետազոտությամբ ապացուցել տեսությունն այն մասին, որ մարդիկ ուրվականների են տեսնում... բորբոսի պատճառով:
Գիտնականներն ասում են, որ որոշակի տեսակի բորբոսային սնկերի թունավոր գոլորշիացումները հալյուցինացիաներ են առաջացնում:
Ըստ այդմ` ամերիկացի հետազոտողները արձանագրել են, որ ուրվականների մասին ամենից շատ հաղորդումները ստացվում են հին տներից` այնպիսի տարածքներով, որոնցում ոչ հազվադեպ կարելի է բորբոսային սնկեր գտնել:
Իսկ դրանց արձակած թունավոր նյութերը մարդու մոտ կարող են առաջացնել նաև հոգեգարություն, ատելության նոպաներ, տագնապի ուժեղ զգացողություն, աղավաղել իրականության ընկալումը:
Այս հետազոտությունը շարունակվում է, գիտնականները խոստանում են վերջնական եզրակացություններ ներկայացնել աշնանը:










