Հայաստանում եթե ՏՏ-ն տնտեսության ճյուղերի հետ կապենք, այն կտա շատ լավ արդյունք. մասնագետ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է` հաշվի առնելով մեծ ներուժը, որ ունեն ՏՏ հայ մասնագետները: Սակայն մասնագիտական շրջանակներում հաճախ է արծարծվում միտքը, որ Հայաստանում ՏՏ-ի կապը տնտեսության այլ ճյուղերի հետ ըստ արժանվույն չի իրականացվում: Հայկական ընկերություններն ուղղված են դրսի պատվերի կատարմանը, դրան զուգահեռ հայաստանյան բիզնեսներն ու տարբեր գերատեսչություններ հակված են կիրառել արտասահմանյան ՏՏ ընկերությունների առաջարկած լուծումները: Մինչդեռ, ըստ փորձագիտական գնահատականների, հայկական ընկերությունների արտադրանքը ոչնչով չի զիջում դրսի մատուցած ծառայություններին և կարող է կիրառելի լինել հենց մեր շուկայի պահանջարկի բավարարմանը:
Տեսազանգեր, աուդիո զանգեր ու մի շարք այլ ծառայություններ առաջարկող հայկական արտադրության Zangi ընկերության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի գնահատմամբ` հայկական ՏՏ-ն ունի մեծ ներուժ կատարելու ցանկացած տեսակի պատվեր` գիտականից մինչև մարկետինգային:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները տալիս են տարբեր գործիքներ երկրի արդյունաբերության զարգացման տարբեր ոլորտներում: Սակայն Հայաստանում ՏՏ-ն մի քիչ կտրված է տնտեսության այլ ճյուղերից: Եթե ՏՏ-ն տնտեսության ճյուղերի հետ կապենք, ապա այն կտա շատ լավ արդյունք. և տեղեկատվական տեխնոլոգի աների ոլորտը կզարգանա, և տնտեսության տվյալ ճյուղը: Այս պահին հայկական ՏՏ-ն զարգանում է դրսի ֆինանսական ռեսուրսի հաշվին: Այն ինտեգրված է դրսի տնտեսության ճյուղին, այսինքն` դրսի տնտեսության ճյուղերը զարգանում են, հայկական ՏՏ-ն էլ է զարգանում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել Վահրամ Մարտիրոսյանը:
Նրա դիտարկմամբ` պետք է կամ ստեղծել նոր ընկերություններ, կամ էլ եղածներն ուղղորդել դեպի հայկական տարբեր ճյուղերի պատվերի կատարմանը:
Իսկ դրա համար, ըստ Վահրամ Մարտիրոսյանի, անհրաժեշտ է ճիշտ պատվեր ձևակերպել:
«Ցանկացած խնդիր, որպեսզի լուծում ստանա, պետք է պատվեր ձևավորվի, իմանան` ինչ են ուզում, ինչպես, ինչ միջոցներով: Ես չեմ ընդունում, որ պետական տարբեր գերատեսչություններում կան ՏՏ դեպարտամենտներ, ծրագրավորողներ: Դրա փոխարեն պետք է լինեն վերլուծական բաժիններ` տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներով, ովքեր կարող են պատվեր ձևակերպել: Իրենք վերլուծություն անեն, հասկանան` տվյալ պետական գերատեսչությանը ինչ է պետք, ինչ են ուզում: Վերլուծության մեջ մտնում են հետագա հարցերը՝ հնարավոր է, հնարավոր չի, ինչ գումար է պետք, ինչ ժամկետներում»,-ասել է Վահրամ Մարտիրոսյանը` հավելելով, որ հստակ պատվերի դեպքում հայկական ընկերություններն ունակ կլինեն հեշտորեն դա իրականացնել:
«Այդ ճանապարհով, երբ գնանք, կլինենք ոչ թե գործընթացին կողմնորոշված, այլև արդյունքին ուղղորդված: Կա պատվեր, գծվում է ճանապարհային քարտեզը, դրան հասնելու ուղին, եթե ինչ-որ մեկն ընդունում է դա, վերցնում է այն ու ստանում արդյունք: Դրանով կբարձրանա մեր տնտեսության ընդհանուր արդյունավետությունը»,-ընդգծեց մասնագետը:










