Համբույրի օրվան ընդառաջ առաջարկվում է հեռախոս, որը կարող է փոխանցել նույնիսկ ամենակրքոտ համբույրը
Համբույրի համաշխարհային օրը կնշվի 2015թ. հուլիսի 6-ին։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ օրը կհամբուրվեն բոլոր սիրահարները։ Իսկ ի՞նչ կարող են անել նրանք, ում ճակատագիրը բաժանել է հենց այդ օրը։ Կարճ հաղորդագրությո՞ւն ուղարկել։ Խոսափողի միջոցով փոխանցե՞լ։ Նկարահանե՞լ համբույրը։ Ցավոք, դեռևս այլ տարբերակներ չկան։ Սակայն, միգուցե, մոտ ժամանակում հայտնվեն, գրում է Комсомольская правда-ն։
Հեռախոսի միջոցով համբուրվել առաջարկել է կիպրոսցի Գեորգես Կուսուրոսը, ով ինքն իրեն անվանում է ազատ գյուտարար։ Նա գտել է համբույրները ոչ թե վիրտուալ, այլ ֆիզիկապես փոխանցելու միջոց։
Կուսուրոսի KissPhone-ն ունի փքուն շրթունքներ՝ փափուկ և շփման համար հաճելի պոլիմերային նյութից։ Ներսում կան սենսորներ, որոնք հաշվարկում են համբույրի ուժգնությունը, տևողությունը, թեթև համբույրի ժամանակ ձայնի մակարդակը։ Միկրոհամակարգիչն այդ տվյալները վերածում է թվային տարբերակի և ուղարկում է հասցեատիրոջը, ում հեռախոսն էլ դրանք մշակում է։ Այնուհետև փոխանցում համբույրը նախապես ընտրված տեղը։ Բնականաբար, համբույր ստացողը նույնպես պետք է ունենա KissPhone։
Գյուտարարը վստահեցնում է, որ համբուրվելու համար պարտադիր չէ զանգահարել միմյանց։ Կարելի է պարզապես ուղարկել համբույրը։










