Գիտնականները հին մումիայի մեջ ժամանակակից օրթոպեդիկ գամիկ են հայտնաբերել. լուսանկարներ
Ամերիկացի գիտնականները բացառիկ հայտնագործություն են արել:
Express-ի տեղեկացմամբ` նրանք հին մումիայի մեջ ժամանակակից օրթոպեդիկ գամիկ (շտիֆտ) են հայտնաբերել:
Ընդ որում` գամիկը այնքան հմտորեն է տեղադրված, որ երկար ժամանակ աննկատ է մնացել գիտնականների համար. օրթոպեդիկ կցամիջոցը հայտնաբերվել է պատահաբար` ռենտգենի ժամանակ:
Այսպես` Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականները հետազոտել են 3000 տարվա հնության անհայտ տղամարդու մումիան և հայտնաբերել 23 սմ-անոց մետաղական գամիկ, որը նրա ոսկորները կապել և կցված է պահել օրգանական ձյութի միջոցով:
Գիտնականները պարզել են, որ կենդանության օրոք այդ տղամարդուն բարդ վիրահատություն է արվել: Ընդ որում` հին բժիշկները գամիկը տեղադրել են այնպես, ինչպես դա կանեին նրանց ժամանակակից գործընկերները: Իսկ վիրահատությունն այնքան արհեստավարժ է արվել, որ անգամ հետք չի մնացել:
Ամենից շատ, սակայն, գիտնականներին ապշեցրել է հին գամիկի ժամանակակից դիզայնը: Դա ճիշտ այնպիսի կառուցվածք ունի, ինչպիսին այսօր կիրառվող համանման միջոցները:
Մինչ այժմ որևէ նման հայտնագործություն չի կատարվել: Նոր գտածոն բազմաթիվ բանավեճերի տեղիք է տվել, սակայն գիտնականներն առայժմ պատրաստ չեն սպառիչ պատասխան տալ:














