Շոգը որոշ կենդանիների ստիպում է փոխել իրենց սեռը. հետազոտություն
Հետազոտությունը պարզել է, որ շոգը որոշ կենդանատեսակների` մասնավորապես մողեսների ստիպում է փոխել իրենց սեռը, այս մասին տեղեկացնում է Fox News-ը:
Nature գիտական հանդեսում հրապարակված հետազոտության համաձայն` սեռի փոփոխությունը տեղի է ունենում դեռ ձվում. այն ժամանակ, երբ մողեսը` դեռ սաղմնային վիճակում է, չի դիմանում շոգին, տեղի է ունենում սեռի փոփոխություն:
Բնության այս հետաքրքիր ֆենոմենը բացահայտել են ավստրալացի գիտնականները` պոգոնայի` ավստրալական «մորուքավոր վիշապի» օրինակով:
Առավել հետաքրքրական է, որ «սեռափոխ» վիշապները ավելի լավ մայր են դառնում` ավելի շատ ձվեր են դնում, քան բնականից էգ մողեսները:
Այս հետազոտությունից առաջ արդեն կային ենթադրություններ, որ կոկորդիլոսները, որոշ մողեսներ, կրիաները սեռի հարցում կողմնորոշվում են ըստ ջերմաստիճանի:
Կանբեռայի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտություններն անց են կացրել 131 ավստրալական վիշապների առանձնյակների վրա: Առայժմ, սակայն, առեղծված է մնում, թե կոնկրետ ինչն է ստիպում քրոմոսոմներին փոփոխվել:










