Գիտնականները 4 վերջույթ ունեցող օձ են հայտնաբերել
Գիտնականները չորս վերջույթ ունեցող օձի կմախք են հայտնաբերել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով Science ամսագրում հրապարակված հոդվածը, գտածոները շուրջ 110 մլն տարեկան են:
Օձին տվել են Tetrapodophis անվանումը: Սողունի երկարությունը կազմում է 20 սմ, դիմացի թաթերի երկարությունն ընդամենը 1 սմ է: Չնայած գտածոյի փոքր չափերին` գիտնականներին հաջողվել է առանձնացնել արմունկը, դաստակը, ինչպես նաև ոտնաթաթը, որի երկարությունը 5 մմ-ը չի գերազանցում:
Օձի հետևի թաթերը փոքր-ինչ երկար են: Նշվում է, որ կմախքը պատկանել է երիտասարդ էգի, և նրա չափսերը կարող էին է՛լ ավելի մեծ լինել:
Հետազոտողների կարծիքով օձը թաթերի օգնությամբ ոչ միայն տեղաշարժվել է, այլև կառչել տարատեսակ առարկաներից: Նրանց խոսքով` այս հայտնագործությունը մեծ ներդրում կլինի օձերի ծագումն ու էվոլյուցիան ուսումնասիրելիս: Գիտնականները նախկինում ևս կարծում էին, որ օձերը սերել են մողեսներից, սակայն նրանք մինչ օրս չէին հայտնաբերել մողեսների և օձերի միջև անցումային շրջանի կենդանու մնացորդներ:










