Facebook-ը պատրաստվում է հաղորդակցության նոր՝ եռաչափ վիրտուալ իրականության ծառայություն թողարկել

11:11 • 30.07.15

Facebook ընկերությունն իր առջև խնդիր է դրել ստեղծել և համացանցում տարածել հաղորդակցության նոր տեսակ՝ եռաչափ վիրտուալ իրականություն, հաղորդում է ТАСС-ը:

 

Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Facebook-ի աշխատանքի արդյունքներին նվիրված հանդիպմանը։

 

«Կարծում եմ՝ տեսանյութից հետո հաջորդ քայլը կդառնա եռաչափ տեղեկատվական տարածությունը: Մարդիկ միշտ փնտրել են նոր հնարավորություններ հաղորդակցության և իրենց կարծիքներով փոխանակվելու համար: Լուսանկարից մենք անցանք տեսանյութի: Սակայն դրանով ճանապարհը չի ավարտվում: Առջևում եռաչափ վիրտուալ իրականությունն է»,- ասել է նա:

 

2014 թվականի գարնանը Facebook-ը 2 միլիարդ դոլարով ձեռք է բերել Oculus VR ընկերությունը, որը լայն ճանաչում է ձեռք բերել վիրտուալ իրականության սաղավարտի` Oculus Rift-ի ստեղծման շնորհիվ։ Այժմ Facebook-ը խոշոր միջոցներ է ներդնում այդ տեխնոլոգիայի կատարելագործման համար, որպեսզի օգտատերերին հնարավորություն տա աշխատել համացանցում վիրտուալ իրականության ձևաչափում:

 

Ցուկերբերգի պլանների համաձայն՝ 2016 թվականի առաջին կեսին Facebook-ի ցանցում կստեղծվի վիրտուալ իրականության հարթակ: Սկզբնապես այնտեղ կտեղադրվեն խաղեր և տեսանյութեր:

Facebook-ը պատրաստվում է հաղորդակցության նոր՝ եռաչափ վիրտուալ իրականության ծառայություն թողարկել