Nokia-ն վաճառում է իր քարտեզագրման ծառայությունը
Nokia-ն վաճառում է իր Here քարտեզագրման ծառայությունը գերմանական ավտոարտադրողների կոնսորցիումին, որի մեջ են մտնում Audi-ն, BMW-ն և Daimler-ը: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է ֆիննական ընկերության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:
Նավիգացիոն բովանդակության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը հանդիսացող ստորաբաժանումը գնահատվել է 2,8 միլիարդ եվրո:
Կարգավորիչ մարմինների հավանությանն արժանանալուց հետո գործարքը կփակվի 2016 թվականի առաջին եռամսյակում: Nokia-ն գնորդներից կստանա ավելի քան 2,5 միլիարդ եվրո։
Երեք ավտոարտադրողներից յուրաքանչյուրը Here-ում կստանա միևնույն չափով մասնաբաժին, որը հիմք կդառնա առանց վարորդի ավտոմեքենաների կառավարման տեխնոլոգիայի զարգացման համար: Այդ մասին նշվում է Audi-ի, BMW-ի և Daimler-ի համատեղ հայտարարությունում:
Here-ը կմնա առանձին ընկերություն, և նրա թողարկած արտադրանքը նախկինի պես հասանելի կլինի բոլոր ոլորտներում հաճախորդների համար:










