Որքան ավելի շուտ է հայր դառնում տղամարդը, այնքան ավելի շուտ է մահանում. հետազոտություն
Ֆին գիտնականները կապ են հայտնաբերել վաղ հայրության և վաղաժամ մահվան միջև: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Հելսինկիի համալսարանի գիտնականները նոր հետազոտությամբ պարզել են, որ տղամարդու հայր դառնալու և մահանալու շրջանի միջև առնչություններ կան:
Հետազոտության շրջանակներում մասնագետները ուսումնասիրել են 30 հազար տղամարդու կայքը, որ ծնվել են 1940-1950 թթ,-ին և մահացել 45-55 տարեկանում (1985-2005 թթ): Պարզվել է, որ այս մարդկանց երեխաները ծնվել են հիմնականում այն ժամանակ, երբ այդ տղամարդիկ 25-26 տարեկան են եղել:
Գիտնականների ներկայացրած հետազոտության մեջ նշվում է, որ 22 տարեկանում հայր դարձած տղամարդկանց մոտ միջին տարիքում մահացությունը 26 տոկոսով ավելի բարձր է, քան նրանց, ովքեր երեխա են ունեցել 25-26 տարեկանում:
22-24 տարեկանում ծնող դարձած տղամարդկանց դեպքում մահացության ցուցանիշը բարձր է 14 տոկոսով: Միևնույն ժամանակ 30-ից հետո ծնող դարձած տղամարդկանց մահացությունը մեկ քառորդով ավելի ցածր է, քան 25-29 տարեկաններում հայր դարձածների շրջանում:
Ըստ գիտնականների` այս ցուցանիշների հետ գենետիկ գործոնի կապ չկա: Ըստ ամենայնի` բանը բազմաթիվ սթրեսներն են, որ անցած հարյուրամյակում ունեցել են երիտասարդ հայրերը: Ներկայում եվրոպացի երիտասարդների շրջանում նույն սթրեսները գիտնականները արդիական չեն համարում. դրանից բացի, Եվրոպայում տղամարդիկ այսօր հաճախ հայր են դառնում արդեն 30-անց շրջանում:










