Իսպանիացի գիտնականներին հաջողվել է դանդաղեցնել ծերացումը
Օվյեդոյի համալսարանի գիտնականները կարողացել են 65 տոկոսով երկարաձգել լաբորատոր մկների կյանքը:
«Ռոսսիյսկայա գազետայի» փոխանցմամբ` նման արդյունքի հնարավոր է եղել հասնել պրոգերիայի (վաղաժամ ծերության բերող բացառիկ հիվանդության) հետազոտությունների շրջանակներում: Հայտնի է այս հիվանդության 80 դեպք մարդկանց շրջանում. որպես կանոն պրոգերիոայով հիվանդները մահանում են նախքան 18 տարեկան դառնալը:
Պրոգերիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ չկան, սակայն նոր հետազոտությունը հույս է ներշնչում, թե կարող է գտնվել «ծերության դեմ դեղամիջոց»:
Այս անգամ գիտնականները վերածրագրավորել են բջիջները` օրգանիզմի սովորական բջիջները վերածելով ցողունային բջիջների: Գիտափորձի ժամանակ հայտնաբերվել է սպիտակուց, որը ազդում է ծերության գեների վրա և «արգելում» ցողունային բջիջների ձևավորումը: Երբ գիտնականներն այդ բջիջների դեմ միջոց են ներարկել հիվանդ մկներին, վերջիններիս կյանքը հնարավոր է եղել երկարաձգել 65 տոկոսով:
Գիտնականները չեն բացառում, որ մկների վրա իրականացված գիտափորձը կարող է հաջողությամբ կիրառվել նաև մարդկանց դեպքում:










