Նախորդ ծրագրից հետո չարժի փոքր բան նախաձեռնել. Triada Studio-ն համակարգչային նոր խաղեր կներկայացնի համաշխարհային շուկա
Triada Studio-ի տնօրեն Արա Աղամյանը, ով վերջերս է վերադարձել Հայաստան, Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խաղերի ոլորտում առաջիկայում նոր նախագծեր ունեն ներկայացնելու։ «Կարծում եմ նախորդ ծրագրից հետո չարժի ավելի փոքր բան նախաձեռնել։ Ամեն դեպքում կլինի խաղային ինդուստրիայում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը հունիսի 8-ին անցկացրել է Apple Design Award ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրել է iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակներին, և այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում մրցանակի է արժանացել նաև հայկական «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերությունը` Shadowmatic խաղի համար:
Ինչ վերաբերում է ընդհանրապես համաշխարհային ոլորտում հայկական արտադրանքի պահանջարկին՝ Արա Աղամյանն ասաց, որ միջազգային շուկան չի տարբերում հայկական կամ չինական արտադրանք, եթե արտադրանքը որակյալ է՝ ողջունելի է։ (Նկարում աջից՝ Արա Աղամյան, Սերժ Մելքոնյան (երաժիշտ), Բագրատ Դաբաղյան (ծրագրավորող), Արսեն Ավոյան (խաղի դիզայներ)):
-Կպատմե՞ք Apple Design Award մրցույթի մասին, մրցակցությունը ինչպես եք գնահատում և մրցանակին արժանանալուց հետո, որքանով ավելի ճանաչելի դարձավ խաղը։
-Մրցակցությունը շատ բարձր էր, որովհետև ամեն օր App Store հայտնվում են մոտավորապես 1500 նոր հավելված։ Մենք ոչ մեկին չենք դիմել մասնակցության համար Apple ինքն է մոնիթորինգ անում և ընտրում, այն խաղերը և հավելվածները, որոնք համարում է ամենահետաքրքիրը։
-Apple Design Award մրցանակին արժանանալը ինչ հեռանկարներ է բացում խմբի համար։
-Առաջին հերթին աշխարհի մասշտաբով բերեց ճանաչվածություն և ավելի համարձակություն՝ նոր հետաքրքիր քայլերի համար։ Տվեց նաև վստահություն տարբեր տեսակի գործընկերների կողմից, որ թիմը կարող է շատ բաների հասնել։
-Triada Studio խումբն առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր, նախագծեր ունի ներկայացնելու համաշխարհային տեխնոլոգիաների ոլորտում։
-Նոր սկսված նախագծեր դեռ չկան, սակայն հետաքրքիր մտքեր շատ կան և սեպտեմբերին կկողմնորոշվենք, թե որ ուղղությունը կընտրենք։ Կարծում եմ նախորդ ծրագրից հետո չարժի ավելի փոքր բան նախաձեռնել։ Ամեն դեպքում նոր ծրագրերը կլինեն խաղային ինդուստրիայում։
-Առաջի՞ն անգամ էին հայ արտադրողները այդ մրցանակին արժանանում և որքանո՞վ էր սպասելի այն։
-Կարծում եմ՝ այո, և տարածաշրջանում էլ կարծում եմ նման մրցանակի արժանացող չի եղել։ Մեզ համար դա անսպասելի էր և մրցանակի մասին սկսեցինք գուշակել մրցանակաբաշխությունից կես ժամ առաջ։ Բնական է, որ մրցանակից հետո մի շրջան խաղի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծացավ և խաղն ավելի պոպուլյար դարձավ։
-Ընդհանուր առմամբ միջազգային շուկայում որքանով մրցունակ և պահանջված է հայկական արտադրանքը և հայ մասնագետները կարողանո՞ւմ են այնպիսի արտադրանք տալ խաղի ոլորտում, որ հետաքրքրական լինի։
-Միջազգային շուկան չի տարբերում հայկական, թե չինական արտադրանք, եթե արտադրանքը որակյալ է, ողջունելի է։ Օրինակ, եթե Սինգապուրում նստած մի մարդ ցանկանում է մի խաղ խաղալ, իր համար միևնույն է դա հայկական խաղ է, թե շոտլանդական, ինքը կգնի ու կխաղա այն խաղը, որի մասին լավ բաներ են գնում, կամ իր ընկերը իրեն խորհուրդ կտա։ Ինչ վերաբերում է հետաքրքրական արտադրանքին, ապա կարծում եմ, որ հայկական կազմակերպությունները ժամանակ առ ժամանակ կարողանում են հետաքրքիր նախագծեր իրականացնել, թեև շատ ավելի լավ կլիներ, որ նման հաջողությունների մասին ավելի հաճախ լսենք:
-Ինչպե՞ս եք գնահատում ոլորտի զարգացումը Հայաստանում և ընդհանրապես կառավարություն և մասնավոր հատված համագործակցությունը։
-Կցանկանայի, որ կառավարությունը այս ոլորտի նկատմամբ ավելի ուշադիր լիներ, օրենսդրական դաշտը ավելի փափկեցվեր տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպությունների համար, ու հատկապես հարկային առումով մեղմացումներ լինեին, ինչը նոր կազմակերպությունների ստեղծումը խթանող մեթոդներից մեկը կլինի։
-Նշվում է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատուժի պահանջարկ կա, և դրան ուղղված ծրագրեր են իրականացվում, ըստ Ձեզ՝ ի՞նչը կարող է շահագրգռել մարդկանց ընտրել այդ ուղղությունը, ինչպե՞ս կարելի է այդ պահանջարկը լրացնել։
-Ես կարծում եմ, եթե պահանջարկ կա, ապա դա համար մեկ ստիմուլն է, մոտիվացիան է այդ ուղղությունը ընտրելու, արհեստական ոչինչ չպետք է անել։ Եթե աշխատատեղը կա և մասնագետը չկա, ուրեմն մարդիկ պետք է ցանկանան այդ մասնագիտությունը ձեռք բերել։
-Ո՞րը կլինի Ձեր խորհուրդը նոր բացվող ընկերություններին։
-Ոլորտները շատ տարբեր են և կարևորը համարում եմ որակյալ աշխատանք իրականացնելը։
-Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատավարձերը բավարար համարո՞ւմ եք:
-Բնականաբար զարգացած երկրներում աշխատավարձերն ավելի բարձր են, սակայն գտնվելով Հայաստանում կարծում ՏՏ ոլորտի աշխատողները որակյալ կյանքով ապրելու համար բավարար գումար են վաստակում։










