Դուբայում հայրը թույլ չի տվել փրկարարներին դիպչելով «անարգել» խեղդվող դստերը
Դուբայի լողափերից մեկում 20-ամյա աղջիկ է խեղդվել, երբ նրա հայրը արգելել է տղամարդ փրկարարներին «անարգել» իր դստերը` դիպչելով նրան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Emirates247-ը:
Ինչպես պարբերականին տեղեկացրել է Դուբայի ոստիկանության հետախուզության և փրկարարների բաժնի փոխտնօրենը` ասիացի տղամարդը, որի անունը չի հաղորդվում, կնոջն ու երեխաներին լողափային պիկնիկի էր բերել: Դուստրերից մեկը որոշել է լողալ և սկսել է խեղդվել, սակայն ընտանիքի հայրը փակել է նրան օգնության շտապող փրկարարների ճանապարհը` հայտարարելով, որ թույլ չի տա օտար տղամարդկանց ձեռք տալ իր դստերը: Նա ասել է, որ ավելի շուտ կնախընտրի նրան մեռած տեսնել, քան «անարգված»:
Քանի որ տղամարդը հաղթանդամ կառուցվածքի տեր մարդ էր, փրկարարներին որոշ ժամանակ է պետք եղել նրանից ազատվելու և աղջկան օգնության հասնելու համար, սակայն ժամանակ կորցնելով պայքարի վրա` նրանք շատ ուշ են հասել աղջկան և նրան փրկել չի հաջողվել:










