Google-ի ընտրած Alphabet անունը դիպչում է BMW-ի շահերին

11:55 • 12.08.15

Ինտերնետային հսկա Google-ի վերակազմավորումը՝ Alphabet տեխնոլոգիական կոնգլոմերատի ստեղծմամբ, հարվածում է գերմանական ավտոարտադրող BMW AG-ի շահերին, գրում է interfax.ru-ն:


Իր նոր ընկերության համար Google-ի ընտրած Alphabet անունը գրանցված է որպես բիզնեսի համար ծառայություններ, այդ թվում լիզինգ և բեռնափոխադրումների ծառայություն առաջարկող BMW-ի «դուստր» ընկերության ապրանքային նշան: Այդ ընկերության հասցեին է գրանցված նաև www.alphabet.com ինտերնետային հասցեն, չնայած Google-ը հոլդինգի կայքի համար նախընտրել է մեկ այլ տարբերակ՝ abc.xyz:


BMW-ի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ ոչ մի իրավաբանական քայլ Google-ի դեմ դեռ չի նախատեսվում: Այնուամենայնիվ, BMW-ն կստուգի, թե արդյոք տվյալ դեպքում չի՞ խախտվում ապրանքանշանների մասին օրենսդրությունը: Ինչպես նշում են փորձագետները, ապրանքանշանի իրավունքների խախտումն առաջանում է միայն այն դեպքում, երբ գոյություն ունի երկու ընկերությունների կամ նրանց արտադրանքի խառնելու հավանականություն:


Alphabet բրենդով շուկա դուրս գալու դեպքում ընկերությունը կարող է բախվել բազմաթիվ դատական գործերի հետ, միայն ԱՄՆ-ում այսօրվա դրությամբ գրանցված է 103 ապրանքանիշ, որոնք իրենց անվանման մեջ պարունակում են Alphabet բառը կամ դրա տարբերակներ:


Մի կողմից քիչ հավանական է, որ ինտերնետային հսկայի նոր կոնցերնը օգտատերերին արտադրանք և ծառայություններ կտրամադրի: Մյուս կողմից՝ դրա թևի տակ են անցնում Google-ի բոլոր նախագծերը, որոնք կապված չեն ինտերնետի հետ, օրինակ ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծումը: Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում հոլդինգը սկսի մրցակցել BMW-ի և այլ ավտոարտադրողների հետ:

Google-ի ընտրած Alphabet անունը դիպչում է BMW-ի շահերին