LOL արտահայտությունն արդեն հնացել է. Facebook
LOL հապավումը (laughing out loud) աստիճանաբար մնում է անցյալում։ Նման եզրակացության է եկել Facebook սոցկայքը, որը վերլուծել է մայիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ից օգտատերերի արած գրառումներն ու մեկնաբանությունները։
Համաձայն հետազոտության՝ առավել հաճախ (51.4%) ամերիկացիներն արտահայտում են ծիծաղը haha արտահայտության միջոցով։ 33.7% դեպքերում նրանք դնում են հույզ արտահայտող նշաններ՝ «սմայլիկներ», 13.1% դեպքում գրում են hehe, փոխանցում է hitech.vesti.ru-ն։
LOL-ը նկատվել է միայն 1.9% գրառումներում։ 2000-ականների սկզբին տարածված հապավումը հիմնականում օգտագործում են մոտ 30 և բարձր տարիքի մարդիկ, նշել է Facebook-ի վերլուծաբանը, այն դեպքում, երբ դեռահասներն ավելի հաճախ «ծիծաղում են համացանցում» haha բառի միջոցով կամ ուրախ նշաններով։
Ծիծաղ արտահայտող արտահայտությունների օգտագործման հաճախակիությունը խիստ տարբերվում է՝ կախված սեռից։ Տղամարդիկ, որպես կանոն, ծիծաղում են haha կամ hehe արտահայտություններով։ Իսկ կանայք նախընտրում են «սմայլիկները»։










