Մեկ տարի մեկուսացման մեջ. գիտնականները դեպի Մարս թռիչքի նմանակման փորձ կանցկացնեն

13:43 • 17.08.15

ԱՄՆ-ում ընտրվել է գիտնականների միջազգային թիմը՝ դեպի Մարս մոլորակ թռիչքի պայմանները նմանակելու նոր փորձին մասնակցելու համար, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես հայտնել է ՆԱՍԱ-ն՝ 1 տարվա ընթացքում վեց կամավորներ արտաքին աշխարհից կտրված կապրեն Հավայան կղզիների Մաունա-Լոա քնած հրաբխի լանջին, որը մոտավոր հիշեցնում է «կարմիր մոլորակի» բնապատկերը:

 

2013 թվականից ի վեր դա կլինի գիտնականների արդեն չորրորդ խումբը, որը մեկուսանում է Հավայան կղզիներում գտնվող համալիրում: Կամավորների առաջին երկու խմբերն այնտեղ ապրել են չորսական ամիս, երրորդը կարողացել է կրկնակի ավել մնալ: Մեկամյա նոր փուլը կսկսվի օգոստոսի 28-ին:

 

«Որքան երկար է դառնում յուրաքանչյուր առաքելություն, այնքան ավելի լավ ենք հասկանում, թե ինչ վտանգների հետ է կապված տիեզերական ճանապարհորդությունը»,- հայտարարել է Քիմ Բինսթեդը՝ ՆԱՍԱ-ի և Հավայան համալսարանի համատեղ նախագծի գիտական ղեկավարը: Կազմակերպիչները կարծում են, որ փորձառությունը կարող է պատրաստել դեպի Մարս առաջին մարդու թռիչքը, որն ԱՄՆ տիեզերական գերատեսչությունը նախատեսում է իրականացնել 2030-ական թվականներին:

 

Մասնավորապես՝ կշարունակվի բժշկական և հոգեբանական խնդիրների ուսումնասիրությունը, որոնց հետ կարող է բախվել տիեզերանավի անձնակազմը: Այդ նպատակներով փորձի մասնակիցները պետք է գիտական հետազոտությունների բավականին բարդ ծրագիր իրականացնեն՝ ողջ ընթացքում գտնվելով մասնագետների հսկողության տակ: Գիտնականները հետևելու են կամավորներին համալիրի ներսում տեղադրված տեսախցիկների և նրանց մարմիններին ամրացված տարբեր սենսորների միջոցով:

 

Վեց կամավորները՝ մինչև 30 տարեկան երեքական տղամարդ ու կին, ընտրվել են մրցույթով՝ հատուկ հանձնաժողովի կողմից, որը հարյուրավոր դիմումներ է ուսումնասիրել ողջ աշխարհից:

 

Մեկ տարի մեկուսացման մեջ. գիտնականները դեպի Մարս թռիչքի նմանակման փորձ կանցկացնեն