Կայծակի հարվածից վնասվել է Google-ի օգտատերերի տվյալների մի մասը
Google ինտերնետային հսկան հայտարարել է, որ բնական աղետի հետևանքով անվերադարձ կորել է օգտատերերի տվյալների մի մասը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ կայծակի հարվածից վնասվել է Google-ի՝ Բելգիայում գտնվող տվյալների կենտրոնը: Հարվածի զոհ է դարձել Google Compute Engine ծառայությունը։ Ընկերությունը հավաստիացնում է, որ անվերադարձ ոչնչացել է միայն տվյալների 0.000001%-ը։
Փորձագետները պնդում են, որ շինությունը կառուցելու ընթացքում հաշվի է առնվել կայծակի հարվածի հավանականությունը, սակայն միանգամից մի քանի հարվածի դիմանալ չի կարողացել։
«Կենտրոնում ամեն ինչ լարերով է կապված, և զարմանալի չէ, որ կայծակի քառակի հարվածը վնասել է օբյեկտը»,- հայտարարել է Future-Tech ընկերության ինժեներ Ջեյմս Ուիլմանը:
Google-ը հավաստիացնում է, որ կուժեղացնի իր կենտրոնների անվտանգությունը, սակայն օգտատերերին առաջարկում է իրենց տվյալների լոկալ կրկնօրինակները պատրաստել։










