Մեխիկոյում ացտեկների ժամանակաշրջանին պատկանող գանգերից պատ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Մեքսիկացի գիտնականները հայտնաբերել են Ացտեկների կայսրության ժամանակաշրջանի մարդկային գանգերից կառուցված պատ՝ Մեխիկոյի պատմական կենտրոնում իրականացված պեղումների ժամանակ։
Ինչպես փոխանցում է Вести-ն՝ Գվատեմալա փողոցում 2 մ խորության վրա հայտնաբերվել է մոտ 30 մ երկարությամբ ուղղանկյուն հարթակ, որի կենտրոնում գտնվում են մի քանի տասնյակ գանգեր՝ դասավորված շրջանի տեսքով։
Այդ ծիսական շինությունը նաուատլ լեզվով, որն օգտագործել են ացտեկները, կոչվում է «ցոմպանտլի»։
«Այս բեմը հրաբխային ծագմամբ քարից է, ծածկված է ծեփամածիկով և սալիկներով, գտնվում է հյուսիսից դեպի հարավ։ Նրանում հանդիպում են մարդկային ծնոտի և գանգերի մասնիկներ, իսկ կենտրոնական մասում կան մարդկային գանգեր, որոնք դասավորված են շրջանի տեսքով»,- պատմել է քաղաքային հնագիտության ծրագրի ղեկավար Ռաուլ Բարերան։
Մինչ այժմ հաշվարկվել է 35 գանգ, սակայն դրանք, ենթադրվում է, պետք է ավելի շատ լինեն։
Պեղումների նախագծի ղեկավարներից մեկի՝ հնագետ Էդուարդո Մաթոս Մոկտեսումայի խոսքով՝ այս շինությունը հատուկ խորհրդանշական իմաստ է ունեցել, և այդ գանգերի մեծ մասը, հնարավոր է, պատկանել է ացտեկների թշնամիներին, որոնց նրանք գերի են վերցրել, զոհաբերել և գլխատել, ինչն էլ կարող է նրանց հզորության ապացույցը լինել։
Աշխատանքների ավարտից հետո պատը կներկայացվի հանրությանը։
















