ՌԴ-ն ուզում է մեր ձեռքով կրակից շագանակ հանել, մեզ էլ գցել սանկցիաների տակ. Գ. Մակարյանը՝ սաղմոնի ներմուծման արգելքի մասին
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով նորվեգական սաղմոնի՝ ՀՀ ներկրման վերաբերյալ ռուսական սահմանափակումներին, կանխատեսեց, որ դրանց միանալու են շատ ապրանքներ: Ըստ ՀԳՄ նախագահի՝ Եվրոպայի հետ «վատամարդ» Ռուսաստանը ցանկանում է ՀՀ-ին էլ ներքաշել Արևմուտքի հետ հակամարտության մեջ:
-Պարո՛ն Մակարյան, Ռուսաստանը դիմել է Հայաստանին՝ նորվեգական սաղմոնի ներկրումը սահմանափակելու համար: Հնարավոր համարո՞ւմ եք՝ վաղը ուրիշ ապրանքներ արգելի, նաև՝ պարենային անվտանգության:
- Այս արգելանքը շատ վատ եմ գնահատում, չեմ համարում հասարակ քայլ, չեմ համարում, որ դա վերաբերում է միայն սաղմոնին կամ միայն Նորվեգիային, որովհետև այսօր Ռուսաստանն ինքը, գտնվելով սանկցիաների տակ, ահավոր ճգնաժամի մեջ է, հատկապես վերջին օրերին դոլարի բարձրացումը, և բոլորին գցել է պրոբլեմի մեջ՝ սկսած եվրոպական երկրներից ու վերջացրած մեզանով՝ Մաքսային միության անդամ երկրներով: Եվ հիմա այս արգելանքը քաղաքական այլ նպատակ ունի. Ռուսաստանը փորձում է մենակ չմնալ, փորձելու է իր պարտնյոր երկրներին ՄՄ շրջանակներում հարկադրել, որ իր կերպ վարվեն: Այսինքն, եթե ինքը ինչ-որ մեկի հետ վատամարդ է, մենք էլ պետք է լինենք: Սովետական միության մոդելն է, որ որքան կարելի է բոլորին, այդ թվում՝ Հայաստանին, մտցնի անհաշտ հարաբերությունների մեջ Եվրամիության հետ: Հիշեցնենք, որ Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության կոնֆերանսի և բիզնես ֆորումի ժամանակ Եվրոպան անընդհատ արտահայտում էր իր քաղաքական կամքը՝ Հայաստանին շարունակել օգնել տարբեր տնտեսական օրենքների, ՓՄՁ-ների, ինտեգրման, բարեփոխումների իրականացման հարցերում: Եվ կարևոր ծրագրերից մեկը, որ ԱլԳ 6 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը ներառված են, բիզնեսի միջազգայնացումն է, երկկողմանի առևտուրը եվրոպական երկրների հետ: Եվ նման արգելքների շարունակումը մեզ տանելու է մի մեծ կոնֆլիկտի՝ մեծ քաղաքական կոնֆլիկտի Եվրոպայի հետ: Եվրոպան այսօր մեզ կարող է հասկանալ, սաղմոնը ներել, բայց մեկ հասկանալ, երկու, որովհետև սա շարունակվելու է…
-Այսինքն՝ դուք համոզված եք, որ այդ ապրանքների ցանկն ընդլայնվելու է:
-Համոզված եմ և ոչ միայն համոզված եմ, այլև հաստատ եմ ասում, որ Ռուսաստանը մեզ փորձելու է քաշելով կոնֆլիկտի մեջ՝ մեկուսացնել: Եվ եթե մենք իր հետ ենք, ինքը ուզում է նաև մեր ձեռքով կրակից շագանակ հանել՝ մեզ էլ գցել սանկցիաների տակ: Կամ էլ, Եվրոպան կտեսնի, որ Ռուսաստանի խելագար քայլերն իր համար լուրջ պրոբլեմներ են առաջացնում ԱլԳ ծրագրի ընթացքի մասով, հետևաբար, արդեն հետ քաշվի: Ես մի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, որ Ռուսաստանը 2 ամիս առաջ ԱլԳ ծրագիրն իր համար համարեց ոչ բարենպաստ ու իր շահերին դեմ ծրագիր: Այսինքն՝ Արևելյան գործընկերությունն ամբողջությամբ իր համար այլևս ընդունելի ծրագիր չէ, հետևաբար, ինքը պետք է պայքարի այդ ծրագրի դեմ: Պետք է պայքարի. Հայաստանը թեկուզ չի ծրագրել Համապարփակ ու խորը, ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ-ի հետ, այնուամենայնիվ, օգնություններ է ստանում, Ռուսաստանը դրանք պետք է խափանի, մեզ դնի սանկցիաների տակ: Ռուսաստանն արդեն անկառավարելի իրավիճակում է գտնվում, իր մոտ էլ արդեն երկրի ներսում լուրջ խմորումներ կան, և դրանք պետք է լուծի նման ձևերով: Հիշենք կռվի տարբերակը: Ստալինը Հիտլերի հետ աշխարհը կիսում էր, Լեհաստան էր գրավում, Մերձբալթյան երկրներ, սրանից, նրանից հող էր պոկում, հետո երբ ինքն էր պատերազմում, բոլոր հանրապետությունները ստիպված ընկան այդ պատերազմի մեջ: Բայց ո՞վ էր այդ պատերազմի հեղինակը՝ Սովետական միության ղեկավարը: Եթե ՌԴ ղեկավարությունը չի կարողանում գտնել կոմպրոմիսներ և հպարտ կեցվածքով է հանդես գալիս, նա հիշեցնում է խորտակվող նավի կերպարանքը, որը բոլորին ուզում է ներքաշել պրոբլեմի մեջ: Եվ այս պարագայում մենք պետք է շատ զգույշ լինենք և Ռուսաստանի առաջ շատ կտրուկ պահանջներ դնենք: Օրինակ, որ մենք գազի դիմաց այսուհետ վճարելու ենք ռուբլով, մեզ արժեզրկված ռուբլի պետք չէ, ոչ թե մենք դոլար տանք: Եվ որ Հայաստանում փող չկա, դոլարի դեֆիցիտ կա, պատճառներից մեկն էլ դա է, որ դոլարը բարձրանալու հակում ունի: Ու հիմա, մենք դոլարը կտրում ենք, տալիս ենք իր գազի դիմաց:
Այսինքն՝ առաջարկում եմ, որ Ռուսաստանի առաջ մի խոշոր խնդիր դնենք, որին չկարողանա համաձայնել և ստիպված մեզ հանգիստ թողնի: Կամ, եթե համաձայնի, մենք այս ամենից դուրս գանք շահած:
-Կարո՞ղ եք թվային ցուցանիշներով ներկայացնել, թե Եվրոպայի հետ մեր կապերի խզումն ինչի կբերի, որովհետև հիմա Ռուսաստանը մեր երկրորդ գործընկերն է, ԵՄ երկրները՝ առաջին:
- Ռուսաստանը երկրորդ տեղում է՛ր, անցյալով խոսե՛նք, որովհետև արտաքին առևտուրն է պակասում: Բայց մենք ի՞նչ ենք ակնկալում Եվրոպայից: Նախ, մենք Եվրոպայից հսկայական գումարներ ենք ակնկալում և ստանում մեր ռեֆորմների համար: Ո՞վ է մեր ռեֆորմները ֆինանսավորում՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, և, շատ ավելի մեծ մասշտաբներով, Եվրամիության օգնություն: Եթե մենք դադարենք համագործակցել ԵՄ-ի հետ, ապա այդ մաքսային կառույցների, դատարանների ռեֆորմների, բիզնեսի միջազգայնացման, մրցունակության այդ ծրագրերը, որ կառավարությունը վերջերս բարձրաձայնում էր, դրանք բոլորը հօդս են ցնդում: Հարյուրավոր եվրո միլիոն գումարներ չեն գալու Հայաստան: Բա մեզ ո՞վ է օգնելու, այս բոլորը պետք է հաշվի առնել, չէ՞:
- Առաջարկները կառավարությանը, որ Ռուսաստանի առաջ այդ հարցերը բարձրացնի, ներկայացնելո՞ւ եք:
-Անպայման, որովհետև ստացվում է, որ այս աշնանային ամիսներին մեզ շատ թեժ իրավիճակներ են սպասվելու՝ տնտեսական, ինֆլյացիայի ու ռուսական կապրիզների հետևանքով մենք ահավոր դժվարություններ ենք կրելու: Ու մենք չենք հասցնում մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնել, ներդրումները խթանել, նոր շուկաներ ձեռք բերել, որովհետև դրանք ժամանակ ու ռեսուրսներ են պահանջում:
Մենք այսպես ասած՝ մի քանի ճակատով պատերազմող իրավիճակում ենք հայտնվում, այսինքն՝ Ռուսաստանի ճգնաժամերը մեզ հերիք չեն, հիմա էլ սանկցիաները, մյուս կողմից՝ Թուրքիա-Ադրբեջան կոնֆլիկտները, հիմա էլ դրա վրա մտածենք, էկոնոմիկան զարգացնենք, ռեֆորմներ անենք: Չենք կարողանա:










