Ռուսաստանում մտափոխվել են արգելափակել Wikipedia-ն

13:54 • 25.08.15

Ռուսաստանի «Ռոսկոմնադզոր»՝ հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող ծառայությունն արգելված կայքերի ցանկից հանել է չարաս թմրանյութի մասին հոդվածը: Այդ մասին երեքշաբթի օրը՝ օգոստոսի 25-ին, Twitter-ի իր էջում հայտնել է «Викимедиа РУ»-ի գործադիր տնօրեն և ռուսալեզու Wikipedia-ի ադմինիստրատոր Ստանիսլավ Կոզլովսկին, գրում է korrespondent.net-ը։

 

«Ռոսկոմնադզոր»-ում հաստատել են այդ տեղեկատվությունը։ 

 

«Աստրախանի մարզի Չերնոյարսկի դատարանի որոշումը «Википедия» ինտերնետ-հանրագիտարանի վերաբերյալ կատարված է: Դատարանի կողմից արգելված ճանաչված տեղեկատվությունը խմբագրվել է»,- ասված է երեքշաբթի օրը «Ռոսկոմնադզոր»-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում:

 

Հաղորդվում է, որ օգոստոսի 22-ին Wikipedia-ի մասնակիցները փոխել են թմրանյութի մասին հոդվածի հասցեն «/wiki/Чарас_(наркотическое_вещество)»-ի, սակայն հոդվածում ոչ մի փոփոխություն չեն արել։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանում օպերատորները սկսել են արգելափակել Wikipedia-ն։


Wikipedia ինտերնետային հանրագիտարանի ռուսալեզու կայքը, որն արգելափակելու մասին խնդրել էր «Ռոսկոմնադզոր»-ը, դադարել էր աշխատել երեքշաբթի օրվա գիշերը։

 

Ռուսաստանում մտափոխվել են արգելափակել Wikipedia-ն