Դուբայում «խելացի արմավենիներն» անվճար Wi-Fi են մատակարարում արևային էներգիայի հաշվին
Դուբայում հայտնվել են «խելացի արմավենիներ», որոնց օգնությամբ կարելի է անվճար միանալ անլար ցանցին, լիցքավորել սմարթֆոնը և ստանալ տեղեկություն, գրում է РИА Новости-ն։
Գյուտը, որն արտաքինից արմավենի է հիշեցնում, աշխատում է բացառապես արևային էներգիայի հաշվին։ Արմավենու 9 «տերևները» պարունակում են ֆոտոմասնիկներ, և «ծառն» օրական մշակում է 7.2 կիլովատտ էներգիա։
Այժմ քաղաքում տեղադրված է 2 նման «արմավենի»՝ հայտնի Burj Al Arab հյուրանոցի մոտ և Zabeel Park զբոսայգում։ Ապագայում «խելացի արմավենիներն» ավելի շատ ծառայություններ կմատուցեն. դրանցում կհայտնվեն բանկոմատներ և հաշիվներն ու ծառայությունները վճարելու հնարավորություններ։
12 ամիսների ընթացքում նախատեսվում է տեղադրել 103 «արմավենի» ամբողջ քաղաքում։ Ընդ որում՝ «ծառերի» դիզայները կարող է փոխվել։










