ՆԱՍԱ-ի ղեկավարը դեմ է ռուսական «Союз»-ով ամերիկացի տիեզերագնացների՝ ՄՏԿ թռչելուն
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բոլդենը դժգոհ է, որ ամերիկացի տիեզերագնացները ստիպված են Միջազգային տիեզերակայան թռչել ռուսական «Союз» տիեզերանավերով: Այդ մասին նա գրել է Wired կայքում հրապարակված հոդվածում, գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ Ռուսաստանի դաշնային տիեզերական գործակալության՝ «Ռոսկոսմոսի» հետ համապատասխան պայմանագրի երկարաձգումն ԱՄՆ-ին կարժենա 490 միլիոն դոլար։
Ավելի վաղ Բոլդենը նամակ է գրել Կոնգրեսին, որտեղ կառույցի անդամներին մեղադրել է մասնավոր տիեզերական թռիչքների ծրագրի ոչ բավարար ֆինանսավորման համար։
«Տիեզերական թռիչքները դժվար բան են, բայց ընտրությունը պարզ է. կամ մենք ներդնում ենք մեր բիզնեսի, մեր ունակությունների, մեր մարդկանց մեջ, կամ դրա փոխարեն մեր հարկատուների հարկերն ուղարկում ենք Ռուսաստանին»,- գրում է Բոլդենը։










