Բրիտանացի հնագետները գետնի տակ Սթոունհենջի ավելի խոշոր տարբերակն են գտել
Բրիտանացի հնագետները հայտնի Սթոունհենջի մոտակայքում գտել են այդ հուշարձանի ավելի խոշոր տարբերակը, որը գետնի տակ է մնացել մոտ 4,5 հազար տարի, գրում է РИА Новости-ն:
Նոր հուշարձանը գտնվել է Սթոունհենջից մոտ 1,6 կիլոմետր հեռավորության վրա: Այն ներառում է 90 խոշոր քար, որոնցից մի քանիսն ունեն 4,5 մետր բարձրություն: Քարերը մոտ 1,5 կիլոմետր տրամագծով շրջան են կազմում, ինչը այն դարձնում է Մեծ Բրիտանիայում նմանատիպ ամենամեծ կառույցը: Այն գետնի տակ է եղել մոտ մեկ մետր խորությամբ, գիտնականներն այն կարողացել են գտնել հատուկ ռադարի միջոցով:
«Մենք կարծում ենք, որ աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա: Դա բոլորովին նոր մի բան է, և մասշտաբները հսկայական են»,- հայտարարել է Բրադֆորդի համալսարանի պրոֆեսոր Վինս Գաֆնին՝ որոնողական նախագծի ղեկավարներից մեկը:
Գիտնականների կարծիքով՝ հայտնաբերված «սուպերհենջը» մոտ 4,5 հազար տարվա վաղեմություն ունի:










