BMW-ն 1.6 մլն դոլար կվճարի ռասայական խտրականության գործի շրջանակում
Լուսանկարը՝ gulftimes.ae-ի
BMW ընկերությունը 1.6 մլն դոլար կվճարի տասնյակ սևամորթ աշխատակիցների, որոնք իրենց ռասայական խտրականության զոհ են համարում, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Associated Press-ին։
Բացի այդ, ընկերությունը կլուծի հայցվորների աշխատանքի տեղավորման հարցը։
Խտրականության մասին գործը սկսվել է 2013-ին։ Ընկերության կապալառուն ամերիկյան գործարանում անցկացրել է կադրերի մաքրման քաղաքականություն, համաձայն որի հեռացվել են վերջին 7 տարում դատվածություն ունեցած աշխատակիցները։
Երբ նոր կապալառուն ստանձնել է իր պարտականությունները, սկսվել է անձնական գործերի կրկնակի ստուգում, որից հետո հեռացրել են բոլոր նրանց, ովքեր գեթ մեկ դատվածություն են ունեցել իրենց կյանքում։ Այդ ժամանակ աշխատանքից զրկվել է 88 մարդ, նրանցից 70-ը եղել են սևամորթ։ Շատերն աշխատել էին գործարանում ավելի քան 10 տարի։










