Հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծումից ՀՀ-ն միայն կշահի. Կ. Վրթանեսյան

20:05 • 09.09.15

Ռուսաստանի նախաձեռնոււթյունը՝  Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու ուղղությամբ, միայն դրական քայլ է, որից կշահի Հայաստանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» ռազմական լուրերի կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:


«Սա հերթական քայլ է ՀԱՊԿ շրջանակներում արվող ու տրամաբանական է, որ միևնույն ռազմական դաշնության մեջ մտնող երկրները փորձում են ունենալ միացյալ հակաօդային համակարգ»,- ասաց նա:


Կարեն Վրթանեսյանը նշեց, որ իր կարծիքով սա հնարավորություն կտա Հայաստանին այս շրջանակում ստանալ որոշակի ինֆորմացիա և ինչ-որ չափով ռազմական միջոցներ:


«Շատ հնարավոր է նաև անձնակազմի վերապատրաստության հարցեր էլ լինեն, ինչը ևս շատ դրական է մեզ համար»,- ասաց նա և նշեց, որ պայմանագրին ծանոթ չէ և, հետևաբար, չի կարող ասել, թե կողմերը ինչ են պարտավորվում անել:


Հարցին, թե եթե հակաօդային պաշտպանության համակարգը ստեղծվում է ՀԱՊԿ շրջանակում, ուրեմն կաջակցի Հայաստանին Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության շրջանակում՝ անհրաժեշտության դեպքում, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Նախ մենք ՀԱՊԿ-ին չենք դիմում սահմանային լարվածության հարցով, իսկ ՀԱՊԿ-ը ինքնագլուխ չի կարող խառնվել այդ հարցին: Ես կարիք էլ չեմ տեսնում դիմելու, որովհետև եթե մենք ամեն հարցի համար դիմենք ՀԱՊԿ-ին ստացվում է, որ մենք ինքնուրույն ոչ մի բան չենք կարողանում լուծել»:


Կարեն Վրթանեսյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ի նպատակը Թուրքիայի ախորժակները զսպելն է, նրան հավասարակշռության մեջ պահելն է և թույլ չտալը, որ տարածաշրջանում ուժային բալանսը ուղղվի երրորդ ուժի միջոցով:


«Իսկ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը մենք նորմալ վերահսկում ենք: Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ ինչ-որ բանի կհասնի, վաղուց արդեն սկսել էր պատերազմը»,- ասաց նա:
 

Հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծումից ՀՀ-ն միայն կշահի. Կ. Վրթանեսյան