Կենդանաբանական այգու տարածքում ստեղծվել է օպտիկամանրաթելային ցանց և ընդարձակվել է Wi-Fi հասանելիության ծածկույթը

19:50 • 11.09.15

Սեպտեմբերի 11-ին Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես ազդարարվեց այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնման և օպտիկամանրաթելային  ցանցի գործարկման մասին. տեղեկացնում է Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունը:


Միջոցառմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը և Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:


«Այսօր Երևանի կենդանաբանական այգու համար տոն է, քանի որ Երևանի քաղաքապետարան, Վիվասել-ՄՏՍ և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ եռակողմ համագործակցություն արդյունքում այգին հանրությանը բոլորովին նոր ձևաչափով ներկայանալու հնարավորություն ունի: Պետք է նշել, որ տեխնիկական այս նորարարությունները կրթական և տեղեկատվական կարևոր նշանակություն ունեն»,- իր խոսքում նշել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:


Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող անվճար Wi-Fi կապի միջոցով այցելուները, տպագիր ցուցանակներից բացի, հնարավորություն կունենան օգտվելու նաև այգու էլեկտրոնային  ինտերակտիվ քարտեզներից և ուղեցույցներից:


«Ամեն տարի նոր նախաձեռնություններով ու նոր բարեփոխումներով է հանրությանը ներկայանում Կենդանաբանական այգին, որը, պետք է հպարտությամբ նշենք, լավագույններից է տարածաշրջանում: Մասնավոր սեկտորի հետ այգու համագործակցության փորձեր էլի են եղել, և միշտ՝ արդյունավետ: Ուրախ եմ, որ տեխնոլոգիական այս նորարարությունը պատանիների և երիտասարդների շրջանում կենդանիների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելուց զատ նաև գիտական նոր մոտեցումների հնարավորություն կտա»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:


Կենդանաբանական այգու ողջ տարածքում գործող Wi-Fi գոտում այցելուները կկարողանան անխոչընդոտ այցելել այգու պաշտոնական կայք, ծանոթանալու լրահոսին և դիտելու այգու և նրա բնակիչների մասին պարբերաբար թարմացվող տեսանյութերը:


Օպտիկամանրաթելային ցանցի ստեղծումը նաև հնարավորություն կտա գործարկել կենդանիների մասին պատմող ցուցատախտակների վրա տեղադրված QR կոդերը (մատրիցային կամ եռաչափ շտրիխկոդ): Համապատասխան ծրագիր ունեցող այցելուները կարող են վայրկյանների ընթացքում ստանալ տվյալ կենդանատեսակի մասին բազմաֆորմատ ինֆորմացիա: Առանձին աուդիո փաթեթներ կմշակվեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:


Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավոր է դարձել Ռալֆ Յիրիկյանի անձնական՝ 3.8 միլիոն դրամի ներդրման շնորհիվ՝ հիմք ընդունելով այն հիմնարար արժեքներից մեկը, որն ընկերությունը գործունեության առաջին իսկ օրվանից խրախուսում է իր աշխատակիցների և հասարակության շրջանում, այն է՝ հանրային բարիք ստեղծելու գործում կամավոր հիմունքներով մասնակցելը: Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը (FPWC) նույնպես մասնակցել է նախագծին՝ հատկացնելով ևս 3.8 միլիոն դրամ: Օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը կնպաստի նաև կենդանիների խնամքի մակարդակի բարձրացմանը:


Ցանցի առկայությունը հնարավորություն է ընձեռում այգու ողջ տարածքում տեղադրել օնլայն տեսախցիկներ՝ ապահովելով կենդանիների նկատմամբ անընդհատ վերահսկողություն, իսկ առկա տեսագրական նյութերը կարող են օգտագործվել ինչպես գիտամեթոդական, այնպես էլ կրթական նպատակներով:


«Վերջին շրջանում կատարված բարեփոխումներից հետո Երևանի կենդանաբանական այգին իրապես դարձել է էկոկրթական, դաստիարակչական կարևոր կենտրոն, որտեղ երեխաները սովորում են հոգ տանել բնության, կենդանիների մասին, համալրում են իրենց գիտելիքներն այս բնագավառում, մասնակցում են հետաքրքրասիրություն և առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումների, դիտում են ուսուցողական ֆիլմեր: Բնական է, որ այդ ամենը պատշաճ կերպով կազմակերպելու, առավել գունեղ դարձնելու և շրջայցերը տեխնիկական միջոցներով առավել հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ինտերնետ հասանելիություն: Որպես մասնավոր անձ ես ուրախ եմ աջակցելու կենդանաբանական այգու նախաձեռնություններին: Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավորություն է ընձեռում այգու տարածքով մեկ գործարկել տեսախցիկներ, ինչպես նաև էականորեն ընդլայնել անվճար Wi-Fi կապի հասանելիությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կենդանաբանական այգու տարածքում ստեղծվել է օպտիկամանրաթելային ցանց և ընդարձակվել է Wi-Fi հասանելիության ծածկույթը