Երևանում բժշկուհին հիվանդի անվամբ հոգեմետ դեղ է դուրս գրել և տրամադրել այլ անձի

22:40 • 15.09.15

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկուհու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։

 

Նախնական քննության տվյալներով հիմնավորվել է, որ «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի» սրտաբանը, ունենալով հոգեմետ /հոգեներգործուն/ դեղահաբեր դուրս գրելու լիազորություն, մեկ այլ հիվանդի անվամբ դուրս է գրել «Դիազեպամ» գրառմամբ  48 հատ դեղահաբի դեղատոմս,  որոնցից նրան տրամադրվել է մի քանի հատը, իսկ մնացածն իրացրել է  այլ անձի, ում ինքնությունը ևս քննությամբ պարզվել է։

 

Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ  բժշկուհու բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել է նաև «Լորազեպամ 2մգ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր։

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ բժշկուհուն մեղադրանք  է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ), 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ հոգեմետ նյութերը բժշկուհուց ապօրինի ձեռք բերած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (1 դրվագ):

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել  դատարան։