Որոնք են աշխարհի լավագույն բուհերը. հրապարակվել է QS World University Rankings վարկանշային ցանկը
Հրապարակվել է 2015/2016թթ. լավագույն բուհերի վարկանշային ցանկը, որը կազմում է բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերությունը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը պահպանել է իր դիրքը որպես աշխարհի լավագույն համալսարան, գրում է The Telegraph-ը։ Այն առաջին հորիզոնականն է զբաղեցնում արդեն չորրորդ տարին անընդմեջ:
QS World University Rankings վարկանշային ցանկը կազմելիս հաշվի է առնվում վեց չափանիշ՝ ակադեմիական միջավայրում հեղինակությունը, ուսանողների նկատմամբ պրոֆեսորադասախոսական կազմի հարաբերակցությունը, գործատուների շրջանում համբավը, հիշատակության ինդեքսը, օտարերկրացի դասախոսների և ուսանողների թիվը։
Այսօր հրապարակված ամենամյա QS World Universities վարկանշային ցանկի համաձայն՝ Հարվարդն անցած տարի զբաղեցրած չորրորդ տեղից բարձրացել է երկրորդ տեղ՝ առաջ անցնելով Քեմբրիջի համալսարանից: Երրորդ տեղը կիսել են Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանները։
Լոնդոնի թագավորական քոլեջը, որն անցած տարի երկրորդ տեղում էր, զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։ Իրենց դիրքերն են զիջել նաև Օքսֆորդի համալսարանը և Լոնդոնի համալսարանական քոլեջը:
Չնայած այս անկումներին՝ Մեծ Բրիտանիան պահպանել է իր վարկանիշը որպես բարձրագույն կրթության առաջատար: Լոնդոնը, մասնավորապես, միակ քաղաքն է եղել աշխարհում, որի չորս համալսարաններն ընդգրկվել են թոփ-հիսնյակում։
1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,
2. Հարվարդի համալսարան,
3. Քեմբրիջի համալսարան,
3. Սթենֆորդի համալսարան,
5. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ,
6. Օքսֆորդի համալսարան,
7. Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL),
8. Լոնդոնի թագավորական քոլեջ,
9. Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց,
10. Չիկագոյի համալսարան։
Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:










