App Store-ն առաջին խոշոր հաքերային հարձակմանն է ենթարկվել

09:13 • 21.09.15

Apple ընկերությունը հայտարարել է, որ «մաքրում» է հավելվածների խանութը վնասակար ծրագրերից, որոնք հայտնվել են խոշոր հաքերային հարձակումից հետո, գրում է РИА Новости-ն։

 

Apple-ը ստիպված է եղել հայտարարել իր գործողությունների մասին այն բանից հետո, երբ կիբեռանվտանգության ոլորտի մի շարք ընկերություններ հայտնել են XcodeGhost վնասակար ծրագրի մասին, որը հայտնվել է հարյուրավոր օրինական հավելվածներում։

 

Reuters գործակալությունը նշում է, որ հաքերներին առաջին անգամ է հաջողվել այսպես լայնորեն տարածել վիրուսային կոդը հավելվածներում՝ շրջանցելով պաշտպանության ամուր համակարգը։

 

Ներկայում չինական Qihoo360 Technology Co ընկերությունը հայտնաբերել է 344 վարակված հավելված։ Որքանն է արդեն հեռացվել App Store-ից՝ հայտնի չէ։ 

 

Ընկերությունը չի հայտնել՝ ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն iPhone և iPad սարքավորումների օգտատերերը՝ պարզելու համար իրենց սարքավորումների վարակվածությունը։

App Store-ն առաջին խոշոր հաքերային հարձակմանն է ենթարկվել