Volkswagen-ը խոստովանել է, որ խարդախությունների է դիմել ոչ միայն ամերիկյան, այլև եվրոպական շուկայում

15:56 • 24.09.15

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը խոստովանել է, որ զբաղվել է մեքենաների վնասակար արտանետումների տվյալների հետ կապված խարդախություններով ոչ միայն ամերիկյան, այլև եվրոպական շուկայում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Գերմանիայի տրանսպորտի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը հայտարարել է, որ կոնցեռնն ընդունել է մեղքը և պատրաստակամություն է հայտնել համագործակցել իշխանությունների հետ հետաքննության ժամանակահատվածում:

 

Մեքենաների թիվը, որոնց վրա կոնցեռնը ենթադրաբար վնասակար արտանետումների ծավալը նվազեցնող սարք է տեղադրել, գնահատվում է 11 մլն: Ընդ որում՝ դեռ հայտնի չէ, թե դրանցից քանիսն է գտնվում Եվրոպայում:

 

Նախարարը նաև խոստացել է նոր թեստեր անցկացնել: Դոբրինդտի խոսքով՝ այժմ փորձաքննությունները կանցկացվեն ոչ թե լաբորատորիաներում, այլ հենց ճանապարհին, ինչը զգալիորեն կբարդացնի խարդախությունը:

 

Գերմանիայի տրանսպորտի նախարարը հավելել է, որ ընտրողական թեստերի կենթարկվի ոչ միայն Volkswagen-ի արտադրանքը, այլև՝ գերմանական այլ ավտոարտադրողների։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Volkswagen մեքենաշինական կոնցեռնի գլխավոր տնօրեն Մարտին Ուինթերքորնը հրաժարական է տվել «դիզելային սկանդալի» ֆոնին:

 

Վերջին օրերին Volkswagen-ը հայտնվել էր մեծ սկանդալի կիզակետում, որը վերաբերում է մոտ 11 մլն մեքենաների ամբողջ աշխարհում։ Խոսքն ԱՄՆ-ում դիզելային շարժիչով մեքենաներից վնասակար նյութերի արտանետումների փորձերի արդյունքների կեղծման մասին է։

Volkswagen-ը խոստովանել է, որ խարդախությունների է դիմել ոչ միայն ամերիկյան, այլև եվրոպական շուկայում