Անդամալույծ մարդկանց նորից քայլելու հնարավորություն տվող գյուտ է արվել ԱՄՆ-ում. (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պատմել են իրենց աննախադեպ ձեռքբերման մասին, որի կիրառումը թույլ է տալիս անդամալույծ մարդկանց նորից ոտքի կանգնել ու քայլել:
«Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ դա հնարավոր է դարձել նոր նեյրո-համակարգչային տեխնոլոգիաների միջոցով: Այդպես` նույն համալսարանի 28-ամյա անդամալույծ շրջանավարտ Ադամ Ֆիցը, որը գոտկատեղից ներքև կաթվածահար է, կարողանում է քայլել:
Գիտնականները կարողացել են վերականգնել շարժական ազդանշանների փոխանցումը` ուղեղից ոտքերին: Դա հնարավոր է դարձել հատուկ տվիչների միջոցով: Համակարգիչն այդ ազդանշանները մշակում և հատուկ ինտերֆեյսով ուղարկում է ոտքերին կցված էլեկտրոդներին` շրջանցելով ողնուղեղի վնասված հատվածները:
Այս կերպ Ֆիցը կարողացել է 3 մ ճանապարհ անցնել` մի բան, որ նա չէր արել երկար տարիներ մոտոցիկլետով վթարվելուց հետո: Նրա դեպքում հատուկ «քայլակներ» ու «կախոցներ» են օգտագործվել, քանի որ նրա մարմինը այս ընթացքում պարզապես «մոռացել էր» ինչպես տնօրինել վերջույթները:
Գիտնականները կարծում են, որ գյուտի լայն կիրառման համար դեռ տարիներ կպահանջվեն, սակայն արդեն իսկ պարզ է, որ դա կփոխի միլիոնավոր մարդկանց ճակատագրեր:
Մանրամասները` տեսանյութում:










