Սևանի ավազանում պեղվել է առաջին բնակավայրերից մեկը, որը կարևոր նշանակություն ունի. Աշոտ Փիլիպոսյան

14:07 • 28.09.15

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, Օձաբերդի հայ-իտալական արշավախմբի համաղեկավար Միքայել Բադալյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեցին Օձաբերդի պեղումների արդյունքները, որոնք վերաբերում են 10-6-րդ դդ. նախաուրարտական, ուրարտական և հետուրարտական նոր շերտերի բացահայտմանը:

 

Բանախոսները նշեցին, որ այն Սևանի հարավային ավազանում առաջին բնակավայրերից  մեկն է, որը պեղվել է: Մասնավորապես, Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ Օձաբերդի հուշարձանը վաղուց հայտնի էր և մեծագույն հնագետները փորձել են այնտեղ պեղումներ կատարել, սակայն միայն անցած տարի բնակավայրի ծավալուն պեղումներ են իրականացվել, որը շարունակվում է այս տարի:


Ըստ նրա՝ այս պեղումները իսկապես շատ կարևոր դեր ունեն պատմամշակութային իրողությունների մեկնաբանության կապվածության հարցերը պարզելու համար: «Ես շատ ուրախ եմ արդյունքներից և կարող եմ ասել, որ պեղումները ամենաբարձր մակարդակով են արվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բնակավայրի հասարակությունը հիմնականում  նստակյաց է եղել, ունեցել  է մշակութային կապեր:

 

Միքայել Բադալյանը նշեց, որ Օձաբերդը Սևանի հարավային ավազանի ուրարտական ամենամեծ ամրոցներից մեկն է և հենակետի դեր էր կատարում:

 

«Այսինքն՝ այն եղել է ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերից մեկը: Մեզ համար այս տեղանքի ընտրությունը շատ կարևոր էր, որովհետև բնակավայրեր շատ քիչ են ուսումնասիրված »,- ասաց նա և նշեց, որ ուսումնասիրությունները շարունակվում են և հիմա իրականացվում են հնաբուսական, հնակենդանաբանական ուսումնասիրություններ։
 

Միքայել Բադալյանը նշանակալի արդյունք համարեց այն, որ արդեն ֆիքսվել են  բնակավայրի մի հատվածը, բացվել են հետուրարտական ժամանակաշրջանի երկու սենյակներ, որոնք երկշերտ ամուր պատեր ունեն: «Հստակ կարող ենք ասել, որ հետուրարտական շրջանում թե՛ միջնաբերդում, թե՛ ամրոցում կյանքը շարունակվել է»,-ասաց  նա:


 

Սևանի ավազանում պեղվել է առաջին բնակավայրերից մեկը, որը կարևոր նշանակություն ունի. Աշոտ Փիլիպոսյան