Microsoft-ն ու Google-ը պայմանավորվել են այլևս արտոնագրերի պատերազմ չմղել
Ամերիկյան Microsoft կորպորացիան և Google ընկերությունը պայմանավորվել են դադարեցնել արտոնագրային իրավունքների խախտմանը վերաբերող փոխադարձ դատական գործերը, գրում է korrespondent.net-ը։
Որպես արտոնագրային պատերազմների ավարտի նշան՝ ընկերությունները հայտարարել են, որ համաձայնությունը վերջ է դնում տարբեր տեխնոլոգիաների, այդ թվում՝ բջջային հեռախոսների, համացանցին անլար հասանելիության հարցերով դատական մարտերին։ Գործարքի ֆինանսական պայմաններն ընկերությունները չեն հրապարակել:
Ընկերություններն իրար դեմ 18 դատական գործ են վարել Միացյալ Նահանգներում և Գերմանիայում։
Համաձայնագիրը նաև դադարեցնում է Lenovo Group-ին անցած տարի Google-ի վաճառած Motorola Mobility-ին վերաբերող բոլոր դատական գործերը։
«Google-ը և Microsoft-ը համաձայնել են համագործակցել որոշակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են արտոնագրերին և անհամբերությամբ սպասում են ապագայում ի շահ իրենց հաճախորդների աշխատել միասին այլ ոլորտներում»,- ասված է ընկերությունների համատեղ հայտարարությունում։










