Հայաստանի ապագան ՏՏ ոլորտն է. մեկնարկել է Digitec Expo-2015 միջազգային ցուցահանդեսը (լուսանկարներ, տեսանյութեր)

15:57 • 02.10.15

 

Հայաստանի ապագան ՏՏ ոլորտն է. նման համոզման են գալիս բոլոր նրանք, ովքեր այցելում են «ԴիջիԹեք էքսպո 2015» միջազգային ցուցահանդես, որը մեկնարկել է այսօր:
 

«Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն շուկայում հայտնի ընկերությունները, այլ Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցահասակ երեխաները, որոնք ներկայացել էին իրենց ռոբոտներով:

 

Արարատի մարզի Վեդի քաղաքի ավագ դպրոցի սաները ներկայացել էին ԲՕՌ ռոբոտով (բանակին օգնող ռոբոտ), որն աչքի ընկավ դիվերսանտ գործողություններով:
 

«Ինքը կարող է գնալ թշնամու սահման, գաղտնալսել, տեսանկարահանել, ունի նաև ոչնչացնելու համակարգ: Թևերը բացվում են, որտեղից նռնակ է նետելու, նաև իր վրա ունի առաջին օգնություն հասցնելու համակարգ»,- հատուկ քողարկում ունեցող ռոբոտը ներկայացնում էր սաներից Էրիկ Պետրոսյանը:
 

Նա նշեց, թե ԲՕՌ-ը ունի նաև ինքնաոչնչացման համակարգ, այսինքն, երբ թշնամին հայտնաբերվի, ինքնաոչնչանա, նաև հայտնվելով ականապատ դաշտում՝ չի պայթի, քանի որ քաշը քիչ է: «Սա կոչ է հայոց բանակին, որ ռոբոտաշինությանը ուշադրություն դարձնեն»,-ասաց նա:
 

Երևանի ֆիզմաթ դպրոցի սաները ներկայացել էին մի քանի ռոբոտներով, որոնցից մեկը սարդի տեսքով այս ու այն կողմ էր վազվզում: Սևան քաղաքի ավագ դպրոցը ներկայացել էր էկոռոբոտով, որը գծով քայլում է, իսկ Սեբաստիա կրթահամալիրի սաների ներկայացրած ռոբոտը գույներն էր տարբերակում:
 

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այս տարվա տաղավարը: «Այս տարի  որոշեցինք հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր Թումոյում ուսանող չեն և այս անգամ անկախ իրենց տարիքից զգան այդ համն ու հոտը Թումոյի ուսանող լինելու: Նրանք մեկ ժամով անցնում են  դասընթաց ռոբոտաշինության, ծրագրավորման, նկարչության, վեբ-կայքերի ստեղծման և այլն հատուկ ծրագրով»,- Tert.am-ին ասաց Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը:

 

Ըստ նրա՝ ցանկացած մարդ, նույնիսկ եթե չի տիրապետում որևէ հմտության, որը պետք է  ծրագրավորման համար, այս դասընթացի ընթացքում մի փաթեթ գիտելիք ստանում է:  Որպես մասնագետ նա նաև նշեց, որ հայկական ներուժը ՏՏ ոլորտում շատ մեծ է. «Բարձր է արտադրվողն արտադրանքի մակարդակը և ապագան  շատ-շատ պայծառ է»:

 

Հայաստանի ապագան ՏՏ ոլորտն է. մեկնարկել է Digitec Expo-2015 միջազգային ցուցահանդեսը (լուսանկարներ, տեսանյութեր)