Android օպերացիոն համակարգի նոր խոցելիությունը սպառնում է 1 միլիարդ սարքի
Zimperium ընկերության մասնագետները նոր խոցելիություն են հայտնաբերել Android օպերացիոն համակարգում, որը սպառնում է ավելի քան 1 միլիարդ բջջային սարքի, գրում է gazeta.ru-ն։
Հուլիսին Zimperium ընկերության աշխատակիցը հայտնաբերել է Stagefright-ը, որը չարագործներին թույլ է տալիս կոտրել Android օպերացիոն համակարգով սարքերը և հասանելիություն ստանալ հիշողության մեջ պահվող բոլոր տվյալներին։ Դա հնարավոր է եղել անել MMS հաղորդագրություն ուղարկելու օգնությամբ, որը վնասակար կոդով տեսանյութ է պարունակել։ Այդ ժամանակ խնդիրը հաջողվել է լուծել օպերատիվ թարմացումների օգնությամբ։
Վերջերս, սակայն, անվտանգության փորձագետները Stagefright 2.0 խոցելիության նոր տարբերակ են բացահայտել։ Այժմ չարագործները հնարավորություն ունեն վարակված ֆայլը տեղադրել օգտատերերի կողմից ներբեռնվող աուդիո և վիդեո ֆայլերի մեջ, ինչպես նաև վարակել սմարթֆոնն անգամ ներբեռնվող ֆայլերի նախնական դիտման ընթացքում։
Սարքի վարակումից հետո չարագործները կարող են գրանցել օգտատիրոջ խոսակցությունները, կարդալ նրանց նամակները և գործարկել սարքի գործառույթները, այդ թվում՝ և տեսախցիկը: Google-ն արդեն տեղեկացված է խնդրի մասին և հայտարարել է թարմացման նոր տարբերակի մասին, որը կվերացնի խոցելիությունը։









