Սթիվ Ջոբսի այրին դեմ է հանդես եկել Apple ընկերության հիմնադրի մասին նոր ֆիլմին
Սթիվ Ջոբսի այրին և նրա մտերիմ ընկերները հայտարարել են, որ Apple ընկերության հիմնադրի մասին նոր ֆիլմը նվազեցնում է նրա ձեռքբերումները և նրան դաժան և անմարդկային պատկերում, գրում է gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ Ջոբսի այրին՝ Լորեն Փաուելը, բազմիցս փորձել է դադարեցնել ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի ստեղծողները Փաուելին առաջարկել են մասնակցել դրա ստեղծման աշխատանքներին, սակայն նա հրաժարվել է առաջարկից։
«Նա հրաժարվել է քննարկել, թե ինչն է իրեն անհանգստացնում Աարոնի սցենարում՝ չնայած իմ բազմաթիվ խնդրանքներին՝ խոսել այդ մասին»,- ասել է պրոդյուսեր Սքոթ Ռուդինը:
Նրա խոսքով՝ Փաուելը անընդհատ կրկնում է, որ նրան դուր չի գալիս գիրքը, որը ֆիլմի համար հիմք է ծառայել: Ինքը՝ Սթիվ Ջոբսի այրին, չի մեկնաբանել իրավիճակը։
«Մի ամբողջ սերունդ նրա մասին այլ կարծիք է ունենալու, եթե տեսնի ֆիլմը, որտեղ նա պատկերված է բացասական կողմից»,- հայտարարել է Ջոբսի մտերիմ ընկեր և Apple-ի տնօրենների խորհրդի անդամ Բիլ Քեմփբելը:
«Սթիվ Ջոբս» ֆիլմի աշխատանքներին մասնակցել են «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի ռեժիսոր Դենի Բոյլը և «Սոցիալական ցանց» ֆիլմի սցենարիստ Աարոն Սորկինը։










