Սմարթֆոններ, պլանշետ և նոութբուք. Microsoft-ը ներկայացրել է ընկերության նորույթները
Microsoft-ը Նյու Յորքում հոկտեմբերի 6-ին ներկայացրել է իր նոր արտադրանքները` Lumia 950 և 950 XL սմարթֆոնները, Surface Pro 4 պլանշետը և Surface Book նոութբուքը:
Ինչպես տեղեկացնում է Rbc.ru-ն` Lumia 950 և 950XL սմարթֆոնների հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանք աշխատում են Windows 10 համակարգով:
Սարքավորումները համալրված են ութամիջուկ պրոցեսորով` հեղուկ սառեցման համակարգով:
Սմարթֆոններն ունեն 5.2 և 5.7 դյույմ անկյունագծով էկրաններ: Ներկառուցված են 20 մեգապիքսել տեսախցիկներ: Առկա 4K որակով տեսանկարհանման հնարավորություն: Սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն նոյեմբերին` 549 և 649 դոլարով` համապատասխանաբար:
Surface Pro 4 պլանշետը ևս աշխատում է Windows 10 համակարգով: Էկրանի անկյունագիծը դարձել է 12.3 դյույմ, մինդեռ պլանշետի չափսերը նույնն են մնացել: Թարմացվել է նաև Surface Pen թվային գրիչը, որն առանց վերալիցքավորման աշխատում է ամբողջ տարի: Պլանշետը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 26-ին` 899 դոլարով:
Surface Book նոութբուքը նորույթ է Microsoft-ի համար: Այն ներկայանում է որպես լիակատար նոութբուք: Այն ունի 13.5 դյույմ անկյունագծով էկրան, համալրված անաղմուկ ստեղնաշարով: Մարտկոցի աշխատանքի տևողությունը 12 ժամ է: Վաճառքը կսկսվի հոկտեմբերի 26-ին, իսկ արժեքը կազմում է 1499 դոլար:










