Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի և կանադացի գիտնականները՝ նեյտրինոների օսցիլյացիաների համար
2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը, հաղորդում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Նոբելյան մրցանակի կայքը։
Նոբելյան հանձնաժողովը որոշել է տվյալ գիտնականներին պարգևատրել «նեյտրինոյի օսցիլյացիայի հայտնագործության համար, որն ապացուցում է, որ այն զանգված ունի»։
Նեյտրինոյի օսցիլյացիան նեյտրինոյի փոխակերպումն է այլ որակի (սերնդի) նեյտրինոյի կամ անտինեյտրինոյի։ Նեյտրինոն չեզոք հիմնարար մասնիկ է, որը մասնակցում է միայն թույլ և գրավիտացիոն փոխազդեցություններին։
2014 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի գիտնականներ Իսամու Ակասակին, Խիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան՝ կապույտ լուսարձակող դիոդների և լույսի էներգախնայող աղբյուրների ստեղծման համար։
Երեկ հայտնի է դարձել, որ 2015 թվականին բժշկության համար Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քեմփբելին և Սատոշի Օմուրային՝ կլոր մակաբույծ որդերի առաջացրած վարակների դեմ դեղորայքի ստեղծման, ինչպես նաև Յույու Տուին՝ մալարիայի դեմ դեղորայքի ստեղծման համար։









