Ռուբլիով էներգակիրների առևտրի առաջարկը ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա է դարձել. Հովիկ Աբրահամյան
Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների միջև կարևոր ապրանքատեսակների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկը միության շրջանակներում քննարկման առարկա է դարձել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր առաջարկ է: Դա վերաբերում է էներգակիրների առևտրին: Օրինակ, մեզ համար կարևոր է, որ մենք գազը Ռուսաստանից գնենք ռուբլիով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե այդ հարցում պատասխան դեռ չկա, ՀՀ վարչապետը խորհուրդ տվեց չշտապել և այդքան շուտ պատասխան չակնկալել: «Սա շատ ճիշտ գործընթաց է և հիմա դարձել է քննարկվող հարց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ես կարծում եմ, որ մենք ապագայում այս հարցում դրական արդյունք կունենանք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում ելույթ ունենալով Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի նիստում, նշել էր, որ Հայաստանը պաշտպանում Է ԵԱՏՄ-ի երկրների դոլարիզացիան կրճատելու անհրաժեշտության վերաբերյալ կարծիքը:
Վարչապետը հայտնել Էր, որ Հայաստանը պաշտպանում Է այն փաստաթղթերի նախագծերի ընդունումը, որոնք փոխգործակցության տարբեր ոլորտներ են ներառում ԵԱՏՄ-ում:
«Մենք ամբողջությամբ աջակցում ենք արդյունաբերական համագործակցության խորացման ընդլայնմանն ուղղված քայլերին: Մեր պետություններն արդյունավետ համագործակցության ներուժ ունեն»,- ասել Էր նա:
Հովիկ Աբրահամյանը պաշտպանել Է ֆինանսական շուկայի կարգավորման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:
«ԵԱՏՄ-ին անհրաժեշտ Է ազգային արժույթներով փոխհաշվարկների ինտենսիվացման և դոլարիզացիայի կրճատման միջոցներ ձեռնարկել: Նաև այժմեական Է փորձի փոխանակումը համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու հարցերի շուրջ: Այդ համատեքստում կարևոր Է ԵԱՏՄ-ի երկրների միջև ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլու հիման վրա, առանց դոլարի հետ փոխկապակցման, իրականացնելու գաղափարը«- ընդգծել էր Հայաստանի կառավարության ղեկավարը:









